Բլինքենի հրատապ այցն Անկարա․ ի՞նչ հարցեր են քննարկվել Սիրիայի և Երևան-Բաքու գործընթացի վերաբերյալ
Սիրիայում Ասադի վարչակարգի տապալումից հետո, ինչպես նաև երկրի հյուսիսում ԱՄՆ-ի աջակցությունը վայելող քրդական ուժերի և թրքամետ զինյալների միջև բախումների, սիրիական հողում Իսրայելի առաջխաղացման ֆոնին անակնկալ կերպով Անկարա է ժամանել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը՝ թուրքական իշխանությունների հետ քննարկելու Սիրիայում կայունության հաստատման ուղիները։ Թուրքիայի նախագահականը X-ում նախագահ Ռեջեփ Էրդողանի և Բլինքենի հանդիպման լուսանկարն է հրապարակել միայն, բանակցությունների մասին մանրամասներ սակայն չի հաղորդել։
Ըստ ԱՄՆ Պետդեպարտամենտի՝ Բլինքենը քննարկել է ԱՄՆ-Թուրքիա ուժեղ տարածաշրջանային համագործակցությունն ու աջակցությունը Սիրիայում կառավարության փոխանցմանը «դեպի հաշվետու և ներառական կառավարություն»:
ԱՄՆ պետքարտուղարը վերահաստատել է Սիրիայում մարդու իրավունքների, միջազգային մարդասիրական իրավունքի պահպանման և խաղաղ բնակիչներին պաշտպանելու հնարավոր բոլոր քայլերի, ինչպես նաև մարդասիրական օգնության հոսքը դյուրացնելու կարևորությունը։
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ասել է, որ Վաշինգտոնն ու Անկարան ընդհանուր առմամբ համաձայնության են եկել Սիրիայի ապագայի տեսլականի շուրջ։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:
«Մենք կենտրոնացած ենք մեր և սիրիացի ժողովրդի առջև եղած հնարավորության վրա: Մենք կենտրոնացած ենք սիրիացի ժողովրդին Բաշար ալ Ասադի կապանքներից ազատելու վրա… Նախագահ Թայիբ Էրդողանի, արտգործնախարար Ֆիդանի հետ մեր քննարկումների ընթացքում մենք ընդհանուր առմամբ համաձայնության ենք եկել Սիրիայի ապագայի տեսլականի ուղղությամբ մեր քայլերի շուրջ»,- ասել է պետքարտուղարը։
Ռուս արևելագետ Ստանիսլավ Տարասովը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ ԱՄՆ պետքարտուղարին Անկարա են «տարել» քրդերը, Թուրքիան և Իսրայելը ու Ասադի անկումից հետո ստեղծված բարդ և վտանգավոր կոնֆիգուրացիան։
Ըստ նրա, որքան էլ գուցե թվա, թե կան Թուրքիա, Իսրայել, ԱՄՆ, քրդեր համընդհանուր շահեր, սակայն կան նաև լուրջ հակադրություններ, տարաձայնություններ, որոնք կարող են պայթեցնել իրավիճակը Մերձավոր Արևելքում։ Սա, նրա որակմամբ, ԱՄՆ-ը դիտարկում է՝ որպես սպառնալիք։
«Սպառնալիք են թե՛ հնարավոր զարգացումները Թուրքիայում, թե՛ Սիրիայում։ Ընդհանուր առմամբ, կարծում եմ՝ նպատակը դիրքորոշումների սրությունը թուլացնելն է, ներկայումս Սիրիայում բախումների ինտենսիվությունը թուլացնելը։
Նույնը վերաբերում է նաև Թուրքիայի և ԱՄՆ-ի շահերին Մերձավոր Արևելքում։ Ասադի վարչակարգը տապալելու և դրանով նաև Իրանի ու Ռուսաստանի ներկայությունը Սիրիայից դուրս բերելու հարցում ԱՄՆ-ը շահագրգիռ էր, սակայն այն, ինչ ներկայումս իրականացնում են զինյալները քրդական շրջանների և ուժերի դեմ, անհանգստացնում է ԱՄՆ-ին։ Կանխատեսելի էր, որ այս փուլում ԱՄՆ-Թուրքիա երկխոսությունը կինտենսիվանա, սակայն սա կարճաժամկետ ու իրավիճակային երևույթ է, քանի որ այս Պետքարտուղարությանը քիչ ժամանակ է մնացել աշխատելու համար։
Թեև նաև տեսնում ենք, որ ԱՄՆ-ը ցանկանում է Բայդենի կառավարման վերջին փուլում ևս իրավիճակը բեկել ԱՄՆ-ի ու ԱՄՆ դաշնակիցներին ձեռնտու կողմ։ Սակայն սիրիական փազլը շատ ծանր է, և Բլինքենի մեկ այցը ոչինչ չի որոշում»,- ասաց Տարասովը՝ շարունակելով, որ իրավիճակային հարցեր են քննարկվում, որպեսզի սիրիական անկայունությունը չտարածվի՝ ինչպես ռեգիոն, այնպես էլ՝ ռեգիոնից դուրս, քանի որ դա ոչ միայն պատերազմի տարածում է լինելու, այլև ծայրահեղականության ընդլայնում դեպի Արևմուտք։
Անդրադառնալով Հարավային Կովկասին՝ Տարասովը գտնում է, որ այցի կենտրոնում բազմաշերտ իրավիճակն է Սիրիայում ու այն ճիշտ հանգուցալուծելու հրամայականը։ «Ինչպես տեսնում եք, Ասադի իշխանության տապալումը կարող է Մերձավոր Արևելքում անկայունության և ծայրահեղականության նոր դուռ բացել իր անկանխատեսելի բազմաթիվ հետևանքներով։ Կարծում եմ՝ Հարավային Կովկասը ևս կքննարկվի՝ որպես ֆոնային թեմա։ Այստեղ ԱՄՆ-ի միակ գործընկերը մնացել են ՀՀ իշխանությունները, և տրամաբանական պետք է լինի, որ Բլինքենն աջակցի նրանց, սակայն կան շատ ավելի խոշոր շահեր, ինչպիսին Միջին միջանցքի գաղափարն է, որից պարբերաբար խոսում էին այս պետքարտուղարությունում»,- ասաց Տարասովը։
Նա արձանագրեց, որ ԱՄՆ-ը կցանկանար, որպեսզի արագացված կերպով կողմերը որոշումներ կայացնեն, սակայն նման հեռանկարը բացակայում է։
«Ավելին՝ կարծում եմ՝ այս վարչակարգն այլևս ունի շատ քիչ ազդեցություն այս ռեգիոնի զարգացումների վրա։ Սիրիայի դեպքում ևս Բլինքենի միջնորդությունը կրում է զուտ իրավիճակային գործառույթ և ոչ երկարաժամկետ, քանի որ այս վարչակարգն առաջիկայում խաղից դուրս է գալու»,- ասաց նա։