
Գանայի ընտրություններում հաստատվել է նախկին նախագահ Ջոն Մահամայի հաղթանակը

Գանայում դեկտեմբերի 8-ին կայացած նախագահական ընտրությունների վերջնական արդյունքներով հաստատվել է ընդդիմության թեկնածու, նախկին նախագահ Ջոն Մահամայի հաղթանակը։ Այս մասին հաղորդում է BBC-ն։
Մահաման ստացել է ձայների 56,6%-ը, իսկ նրա դեմ պայքարող փոխնախագահ Մահամուդու Բավումիան՝ 41,6%-ը։ Սա երկրում նախագահական ընտրություններում հաղթանակի ամենամեծ ցուցանիշն է վերջին 24 տարվա ընթացքում։
Ընտրություններին մասնակցությունը կազմել է 60,9%: Մահաման խոստացել է «նոր սկիզբ, նոր ուղղություն» և նշել, որ Գանան «պատմություն է կերտել»՝ ընտրելով իր առաջին կին փոխնախագահին՝ Ջեյն Նաանա Օպոկու Ագյեմանգին։
Երկրի փոխնախագահ Բավումիան ընդունել է պարտությունը դեռ նախքան պաշտոնական արդյունքների հրապարակումը՝ «խուսափելու հետագա լարվածությունից և պահպանելու երկրում խաղաղությունը»։
Արևմտյան Աֆրիկայի այս երկրում տնտեսական լուրջ ճգնաժամ է տիրում, որն ուղեկցվում է գործազրկությամբ, ցածր կենսամակարդակով, ոսկու անօրինական արդյունահանման հետ կապված բնապահպանական խնդիրներով։