«Գյումրիում այցելում են մարդկանց՝ դռները բոլորի առաջ չէ, որ բացվում են. մարդկանց մտահոգում է անվտանգությունը». Արթուր Գևորգյան

Շիրակի նախկին մարզպետի խորհրդական Լևոն Անանյանը, Գյումրու ՔՊ տարածքային կառույցի ղեկավար Կարեն Սարուխանյանը, ՔՊ-ական պատգամավոր Դավիթ Առուշանյանը, ավագանու ՔՊ-ական անդամ Շավարշ Արամյանը, Միասնական սոցիալական ծառայության Գյումրիի ստորաբաժանման պետ Սարիկ Մինասյանը, ՔՊ երիտթևի Շիրակի համակարգող Էմմա Բարսեղյանը, Նիկոլ Փաշինյանի կնոջ ազգական Վահագն Մկրտչյանը կմասնակցեն Գյումրիում Նիկոլ Փաշինյանի հայտարարած փրայմըրիզին։

Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ դեկտեմբերի 9-10-ը Գյումրիում քաղաքապետի պաշտոնակատարի համար կանցկացվի փրայմըրիզ։

Գյումրու Քանդակագործության ազգային պարկ-թանգարանի տնօրեն, հանրության կառավարման փորձագետ Արթուր Գևորգյանի խոսքով՝ գյումրեցիների մեծամասնությունը չգիտի՝ ի՞նչ է նշանակում փրայմըրիզը, ինչո՞ւ է այդ ամենն արվում։

«Փրայմըրիզի հետ կապված ունեմ հետևյալ տեղեկությունը, որ այցելում են մարդկանց, և այնպես չէ, որ դռները բոլորի առաջ բացվում են։ Նախ, առաջին հերթին ժողովուրդը չի կարողանում ասել, թե ինչ է փրայմըրիզը, պատկերացում չունի դրա մասին։ Այնպես չէ, որ թեկնածուները միանշանակ ընկալելի են բոլորի համար։ Տրամաբանությունը հետևյալն է՝ այդ ամբողջը կոնկրետ այս պահի դրությամբ չգիտենք՝ ինչ ծավալով է անցկացվում, և ենթադրություն անել, ասել, թե բնակչության այսքան տոկոսը մասնակցելու է փրայմըրիզին, և դրա արդյունքում մենք ունենք այս պատկերը՝ չենք կարող։ Այստեղ կա նաև գաղտնիության հանգամանքը, որը, բնականաբար, իշխանությունները պետք է պահպանեն ու հետագայում ասեն այն, ինչը կասեն»,- 168.amի հետ զրույցում նշեց Արթուր Գևորգյանը։

Կարդացեք նաև

Ըստ նրա, շատ բարդ է խոսել Գյումրիում ստեղծված իրավիճակի մասին, քանի որ մարդիկ նոր են հասկանում, թե խնդիրների ինչ ծանրություն կարող է առաջանալ ներկայիս անկառավարելի իրավիճակից։

«Որևէ մեկի մոտ չկա այն լիարժեք պատկերացումը, որ Գյումրին մոտ ապագայում կարող է կապված լինել աշխարհաքաղաքական կարևոր հարցի կամ իրադարձության հետ։ Գյումրիում գիտենք, որ ունեցել ենք ցավոտ պատմություններ՝ աշխարհաքաղաքական տարբեր փոփոխությունների պատճառով։ Այնպես չէ, որ վաղը Գյումրվա քաղաքապետը կամ քաղաքապետի թիմը բառիս բուն իմաստով զբաղվելու է միայն քաղաքի բարեկարգմամբ, ծաղիկներ տնկելով։ Այստեղ զարգացումներ են լինելու, որոնք առնչվելու են մեր անվտանգությանը, որովհետև այսօր աշխարհում տեկտոնիկ փոփոխություններ են տեղի ունենում»,- շեշտեց նա։

Մեր զրուցակիցը նաև դժվարացավ ասել՝ ՔՊ-ն կվերցնի՞ Գյումրիում իշխանությունը, թե՞ ոչ, շեշտելով՝ բարդ է ասելը, որովհետև կա քաղաքական կոնյունկտուրա, իրադարձությունների շղթա, որոնց մի մասը ՀՀ իշխանության կողմից կառավարելի է, մյուս մասը՝ ոչ։

«Այստեղ մարդկանց մեծամասնությանը մտահոգում է անվտանգությունը, և այնպես չէ, որ այս պահին կառավարելի է ամեն ինչ։ Սա 2000-ականների կամ 2021 թվականի ընտրությունները չէ, երբ որոշակի հեռանկար կար։

Ինչ վերաբերում է 102-րդ ռազմաբազային, ապա մինչև ռազմաբազային մոտենալն իշխանությունը դուրս կգա ՀԱՊԿ-ից, որից հետո կանդրադառնա ռազմաբազային»,- ընդգծեց Ա. Գևորգյանը։

Նա անդրադարձավ նաև դեկտեմբերի 7-ին Փաշինյանի՝ Գյումրի կատարած կարճատև այցին, որտեղից էլ նա մեկնել էր Փարիզ.

«Փաշինյան Նիկոլը, երբ այցելում է Գյումրի և այն էլ՝ Ամենափրկիչ եկեղեցու վերաօծման օրը, գոնե դրանից հետո այս իշխանություններից ինչ-որ մեկը մնար վերաօծման արարողությանը։ Այս հանգամանքը շատերի կողմից վատ է ընկալվել, թե՝ լավ, եկել էր, մեզ համար կարևոր՝ Ամենափրկիչ եկեղեցու օծմանն ինչո՞ւ չի մասնակցել»։

Տեսանյութեր

Լրահոս