
Սլովակիան հաստատել է Ռուսաստանից նավթ և գազ ստանալը շարունակելու իր ցանկությունը

Սլովակիայի արտաքին գործերի նախարար Յուրայ Բլանարը Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը հաստատել է իրենց ցանկությունը՝ շարունակելու Ռուսաստանից նավթ և գազ ստանալ: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Արտգործնախարարները հանդիպել են Մալթայում ԵԱՀԿ արտաքին գործերի նախարարական համաժողովի շրջանակում։
«Սլովակիայի շահերից է բխում Ռուսաստանից նավթի և գազի տարանցման համար գոյութուն ունեցող միջանցքների պահպանումը: Դրանք գների առումով հուսալի և կայուն են: Թեև մենք աշխատում ենք այդ մատակարարումները դիվերսիֆիկացնելու ուղղությամբ, մեզ համար կարևոր են երաշխավորված մատակարարումները՝ պահանջվող ծավալներով և շահավետ գնով»,- ասել է Բլանարը, ում խոսքերը մեջբերել է Սլովակիաի ԱԳ նախարարության մամուլի ծառայությունը:
Նշվել է, որ հանդիպմանը ռուսական կողմը հաստատել է, որ պատրաստ է հետագայում կատարել մատակարարման իր պարտավորությունները: