«Նիկոլ Փաշինյանն Ադրբեջանի կեղծ թեզերն Ալիևի դեմ օգտագործելու փոխարեն, դրանք ուղղում է հայ հասարակության դեմ». Տաթևիկ Հայրապետյան

Երեկ ԱԺ-ում Կառավարության հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը կրկին հայտարարել է, որ ճիշտ է՝ Ադրբեջանն օկուպացրել է Հայաստանի տարածքները, սակայն Հայաստանը որևէ ռազմական խնդիր որևէ հարևանի նկատմամբ չունի։

«Մենք հավատարիմ ենք խաղաղության օրակարգին, և ՀՀ-ն ռազմական խնդիրներ որևէ հարևանի նկատմամբ չունի, և մենք մեր բոլոր հարևանների տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը ճանաչում ենք: Եվ ես հույս ունեմ, որ կակտիվացնենք խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ աշխատանքները, ըստ էության, աշխատանքի 90 տոկոսն արված է, մնում է վերջին ջանքը գործադրել և ստորագրել խաղաղության պայմանագիրը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։

Այս ամենին զուգահեռ՝ թյուրքագետ Վարուժան Գեղամյանը տելեգրամյան իր ալիքում գրել է, որ Ադրբեջանում այս պահին նախագահ Ալիևի գլխավորությամբ միջազգային խորհրդաժողով է տեղի ունենում, որը վերնագրված է «Վերադարձի իրավունք. Հայաստանից բռնի տեղահանված ադրբեջանցիների համար արդարության վերականգնում»:
Խորհրդաժողովը նպատակ ունի «մշակել ադրբեջանցիների պատմական հայրենիք վերադարձի» մեխանիզմները:

Ադրբեջանի նախագահն էլ իր հերթին հայտարարել է, որ ՀՀ իշխանությունը «պետք է» սկսի բանակցել «Արևմտյան Ադրբեջան» համայնքի հետ։

Կարդացեք նաև

Ալիևի բոլոր այս հայտարարություններին ու հակահայ քայլերին որևէ արձագանք ՀՀ իշխանությունների կողմից չկա, նախկինում ևս Հայաստանից պետական մակարդակով չեն հակադարձել Ալիևի կեղծ՝ «Արևմտյան Ադրբեջան» թեզի վերաբերյալ։

Նիկոլ Փաշինյանը հանրային հեռուստաընկերությանը տված իր վերջին հարցազրույցի ժամանակ Արևմտյան Հայաստանը և «Արևմտյան Ադրբեջանը» դիտարկել էր նույն հարթության մեջ, որին հակադարձեցին հայ պատմաբաններից մի քանիսը։

Ադրբեջանի հարցերով փորձագետ Տաթևիկ Հայրապետյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանի այս համեմատությանն արդեն հակադարձել են տարբեր փորձագետներ, ավելին՝ նրա ասածի մեջ որևէ տրամաբանություն չկա, որն արժանի կլիներ հակադարձման։

«Նիկոլ Փաշինյանը խորամանկորեն անտեսում է այն փաստը, որ Ադրբեջանում այս քարոզչությունն արվում է պետական ու անձամբ նախագահի մակարդակով։ Դեռևս 2022 թվականի դեկտեմբերի 24-ին Ալիևը ՀՀ տարածքը համարել է «պատմական Ադրբեջան», և այդ քարոզչությունն այժմ ամբողջովին իրականացնում է։ Իհարկե, Ադրբեջանի կողմից սա կեղծ խոսույթ է, որը չունի որևէ գիտական ու պատմական հենք, բայց այդ ամենն ընդդեմ Ալիևի օգտագործելու փոխարեն, Փաշինյանն ուղղել է հայ հանրության դեմ, ինչպես անում է ադրբեջանական բոլոր թեզերի դեպքում։ Նա չի պայքարում ադրբեջանական շարունակական կեղծ թեզերի դեմ՝ դիվանագիտական, տեղեկատվական ու քաղաքական, ինքն այդ ամենն ուղղում է հայ ժողովրդի դեմ։

Ինքն իր քաղաքական վախվորումների մեղավոր է կարգում հայ ժողովրդին, հայ ժողովրդի ինքնությունը»,- 168.amի հետ զրույցում նշեց Տաթևիկ Հայրապետյանը։

Թե ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը չի հակադարձում Ալիևի կեղծ թեզերին՝ հարցին, Տաթևիկ Հայրապետյանը դժվարացավ պատասխանել՝ ընդգծելով՝ չի կարող ասել՝ վախենո՞ւմ է, համագործակցություն կա՞, թե՞ պայմանավորվածություն։ Սակայն փաստը մնում է  փաստ, որ այս թեմայի անտեսումը կամ դա այլ փաթեթավորմամբ մատուցելը բացառապես բխում է Ադրբեջանի շահերից։

«Ինքս կնախընտրեի՝ Նիկոլ Փաշինյանը լռեր, քան զուգահեռներ անցկացներ Արևմտյան Հայաստանի հետ, ինչն Ադրբեջանի համար ձեռնտու զուգահեռ է։ Որքան Փաշինյանը հաճոյանում է Ադրբեջանին, որքան զիջումների է գնում հօգուտ Ադրբեջանի, այնքան հակառակորդի ցուցակն աճում է։

Քանի որ որևէ դիմադրության չեն հանդիպում, շատ հանգիստ այդ ամենը փորձում են շրջանառել տարբեր միջազգային դերակատարների շրջանում։ Նայեք, թե ԱԳՆ-ի հայտարարությունն այս թեմայի վերաբերյալ ե՞րբ է եղել, վերջին կես տարվա կտրվածքով իրենք քաղաքական որևէ գնահատական չեն տվել այս հայտարարություններին»,- շեշտեց նա։

Այնինչ, ըստ նրա՝ Ադրբեջանի հայտարարություններին պետք է քաղաքական, դիվանագիտական մակարդակով հստակ պատասխան տրվեր։

Տեսանյութեր

Լրահոս