Աֆղանստանում թալիբները կանանց արգելել են բժշկական կրթություն ստանալ

Human Rights Watch-ը տեղեկացնում է, որ Աֆղանստանում իշխանության եկած թալիբներն այս շաբաթ փակել են աղջիկների և կանանց կրթության իրենց արգելքում առկա վերջին բացերից մեկը՝ արգելելով նրանց հաճախել բժշկական կրթություն առաջարկող հաստատություններ:

Հիշեցնենք, որ թալիբների գերագույն առաջնորդ Հայբաթուլլահ Ախունդզադան է արձակել այս հրամանը, որը հայտարարվել է երկուշաբթի օրն Առողջապահության նախարարության նիստում: Նախարարությունը հրավիրել է մասնավոր բժշկական ուսումնական հաստատությունների տնօրեններին՝ հրահանգավորելու նոր կարգի մասին։

Իսկ BBC-ն այս առնչությամբ մասնավորապես տեղեկացնում է, որ արգելվել է դասերի հաճախել որպես մանկաբարձուհիներ և բուժքույրեր վերապատրաստվող կանանց:

Աֆղանստանում հինգ առանձին հաստատություններ նույնպես հաստատել են BBC-ին, որ թալիբները հրահանգել են իրենց դադարեցնել գործունեությունը. համացանցում տարածված տեսանյութերում երևում է, թե ինչպես են ուսանողները լաց լինում այդ լուրը լսելիս:

Բացի այդ, թալիբները որոշ նահանգներում կանանց արգելել են բուժում ստանալ տղամարդ բժիշկների մոտ, ինչն էլ նշանակում է, որ այս նոր հրամանագիրը կհանգեցնի կանանց անտեղի ցավի, հիվանդության կամ մահվան, քանի որ կին բուժաշխատողներ չեն լինի նրանց բուժելու համար:

 

Տեսանյութեր

Լրահոս