Ուկրաինայի հարցով փոխզիջման հնարավորությունը ներկայումս զրոյական է․ Ռյաբկով
Ուկրաինայի կարգավորման հարցում Մոսկվայի և Կիևի դիրքորոշումներն, ըստ երևույթին, անհամատեղելի են, ուստի փոխզիջման հասնելու հնարավորությունը ներկայումս զրոյական է։
Այս մասին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը:
«Նախագահը մեր դիրքորոշումը շարադրել է հունիսի 14-ին։ Մենք գիտենք, թե ինչ է ասում Զելենսկին իր ծրագրերում և առաջարկներում։ Եթե համեմատեք այս երկու դիրքորոշումները, կտեսնեք, որ դրանք, ըստ երևույթին, անհամատեղելի են: Այդ պատճառով փոխզիջման շանսերը ներկայումս հավասար են զրոյի»,-ասել է Ռյաբկովը CNN-ին տված հարցազրույցում։
Նա նշել է, որ երկխոսության համար որոշ հնարավորություններ կհայտնվեն միայն այն ժամանակ, երբ Կիևում հասկանան, որ ՌԴ-ն մտադիր չէ գնալ Ուկրաինայի իշխանությունների առաջարկած ճանապարհով:
«Երբ Կիևում հասկանան, որ Ռուսաստանը չի գնալու իրենց առաջարկած ճանապարհով, այդ ժամանակ կարող են ինչ-որ հնարավորություններ առաջանալ։ Վերջին տարիներին մի շարք երկրներ առաջարկներ են ներկայացրել, թե ինչպես կարելի է առաջ մղել քաղաքական երկխոսությունը: Մենք շատ ուշադիր ենք նման գաղափարների նկատմամբ, համագործակցում ենք այդ երկրների հետ բոլոր մակարդակներում»,-ասել է Ռյաբկովը։