Թբիլիսիի ոստիկանությունը հեռացրել է ցուցարարներին Ռուսթավելիի պողոտայից

Թբիլիսիի ոստիկանությունը գիշերը Ռուսթավելիի պողոտայից հեռացրել է բոլոր ցուցարարներին։ Այս մասին հայտնել է «Ինտերֆաքս»-ի թղթակիցը։

Բացի այդ, ոստիկանության աշխատակիցները բերման են ենթարկել ցուցարարներից մի քանիսին։

Գիշերն ավելի վաղ ցուցարարները մի քանի ժամ շարունակ հրատեխնիկա են նետել իրավապահների ուղղությամբ։

Նրանք նաև աղբամաններով բարիկադներ են կանգնեցրել և խարույկ վառել։ Իր հերթին ոստիկանությունը ցուցարարների դեմ արցունքաբեր գազ է կիրառել։

Վրաստանում ցույցերի նոր ալիքը սկսվել է նոյեմբերի 28-ին՝ այն բանից հետո, երբ երկրի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարեց, որ մինչև 2028 թվականը Վրաստանը դադարեցնում է Եվրամիությանն անդամակցության շուրջ բանակցությունները։

Տեսանյութեր

Լրահոս