Աշխարհը մեզ ընկալում է որպես ազգ-նահատակ. Ազգ-բանակ ընկալումը բխում է ազգ-նահատակ տրամաբանությունից
Հայաստանի միջին վիճակագրական իմիջն աշխարհում կարելի է ձևակերպել հետևյալ կերպ՝ աշխարհը մեզ ընկալում է որպես ազգ-նահատակ, ԱԺ-ում 2025 թվականի պետական բյուջեի վերջնական քննարկման ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
«Սա իմ հիմնավոր տպավորությունների արգասիքն է»,- ասաց նա։
Փաշինյանի խոսքով՝ ուղերձը, որ ուզում են հղել աշխարհին, հետևյալն է՝ իրենց կառավարության մեծագույն առաքելությունը համարում են այն, որ Հայաստանը ազգ-նահատակ լինելու կարգավիճակը հաղթահարի։
«Ընդհանրապես, պետք է ասեմ, որ մեր իրականության մեջ այս օրակարգը նոր չէ ՝ անկախ նրանից, թե ինչքան է դա ձևակերպված եղել։ Մեր միջին վիճակագրական արձագանքը այս իրադրությանը եղել է այն, որ ազգ-նահատակ բանաձևը հաղթահարելու լավագույն ձևը ազգ-բանակն է։ Բայց պետք է արձանագրեմ՝ համոզված չեմ, որ սա առաջին բանաձևի ճիշտ արձագանքն է, որովհետև իմ մտորումները բերում են այն եզրակացության, որ ազգ-բանակը ազգ-նահատակ բանաձևի տրամաբանության ու շարունակության մեջ է»,- ասաց նա։
Ըստ Փաշինյանի՝ եթե դու դիրքավորվում ես որպես ազգ-բանակ՝ անխուսափելիորեն քո դեմ գեներացնում ես այլ բանակներ։
«Դե, մենք շատ խոսում ենք նրա մասին, որ պետք է ունենանք ուժեղ բանակ, սա ճիշտ օրակարգ է, պետք է շարունակենք այս օրակագի իրագործումը, բայց ուզում եմ մենք մեզ հարց տանք՝ ինչքա՞ն ու ումի՞ց ուժեղ բանակ ենք ուզում ունենալ։ Մենք այս հարցում պետք է շատ հստակ կողմնորոշվենք՝ ուժեղ ումի՞ց, ես հիմա չեմ ուզում կոնկրետ երկրների օրինակներ բերել, բայց այդ հարցին մենք պետք է պատասխանենք, իսկ քանի՞ համադրված բանակներից մենք պետք է ավելի ուժեղ լինենք։ Եթե երկու երկրների հետ է մեր խնդիրը, շատ լավ, կարող ենք խնդիր դնել, այսպես կոչված, թշնամի երկրներից ավելի ուժեղ բանակ ունենալ, իսկ եթե պարզվի, որ երեք, չորս, հինգ երկրի հետ է խնդիրը, իսկ եթե պարզվի, որ մեր խնդիրը ոչ միայն մեր թշնամիների հետ է, այլ նաև մեր բարեկամների հետ է, ապա ումի՞ց ինչքա՞ն ուժեղ բանակ պետք է ունենանք»,- նշեց նա։
Նիկոլ Փաշինյանն ասաց, թե ազգ-նահատակ ու ազգ-բանակ բանաձևերը հաղթահարելու համար պետք է որդեգրել մեկ այլ տրամաբանություն՝ պետության տրամաբանությունը։
«Որը գործում է միայն ու միայն սեփական շահերին համապատասխան։ Այսինքն ՝ պետությունն ունի պատասխանատվության կոնկրետ գոտի, միջազգայնորեն ճանաչված կոնկրետ տարածք ու գործում է միայն ու միան այդ տարածքի շահերին համապատասխան, հետևաբար, Հայաստանը պետք է գործի միայն ու միայն սեփական տնտեսական զարգացման շահերին համապատասխան, որն, ի միջիայլոց, տասնյակ շերտեր ունի»,- ասաց նա։