ՀՀ ԱԳՆ-ն հետևում է իրադարձությունների զարգացմանը․ վստահեցնում են ԱԳՆ-ից

«Սիրիայում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների միջոցով ՀՀ ԱԳՆ-ն հետևում է իրադարձությունների զարգացմանը։ Ինչպես տեղեկացրել էինք, այս պահին ևս կարող ենք հայտնել, որ տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիներ չկան»,- 168am-ի հարցմանն ի պատասխան՝ տեղեկացրեց Հայաստանի արտաքին գերատեսչության մամուլի խոսնակ Անի Բադալյանը։

168am-ն ԱԳՆ-ից մասնավորապես հետաքրքրվել էր` ԱԳՆ-ն Սիրիայի հայերին դուրս բերելու հարցի մասին դիրքորոշում ունի՞։

ԱԳՆ խոսնակը նաև տեղեկացրեց՝ Դամասկոսում ՀՀ դեսպանությունը շարունակում է իր գործունեությունն արտակարգ ռեժիմով, ինչպես նաև՝ Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսը ևս աշխատանքը շարունակում է Դամասկոսից։

«Իրավիճակի հետագա զարգացումներով պայմանավորված՝ ԱԳ նախարարությունը կկայացնի համապատասխան որոշումներ»,- նշեց նա։

Կարդացեք նաև

Ավելի վաղ 168am-ը զրուցել էր Հալեպից «Գանձասար» շաբաթաթերթի խմբագիր Զարմիկ Պողիկյանի հետ, որը փոխանցել էր․ «Քաղաքում, գրեթե մեծամասնությամբ, շրջաններում ընդդիմադիրներն են, բայց կացությունը հանդարտ է, բախումներ չկան։ Խանութները հիմնականում փակ են, իսկ մարդիկ բնակարաններում են, դուրս չեն գալիս․ զգուշավոր են»։

Նա նաև տեղեկացրել էր՝ Հայաստանի մարդասիրական առաքելությունը բախումներից անմիջապես առաջ լքել է Հալեպը, իսկ հյուպատոսը՝ ավելի վաղ՝ երկուշաբթի օրը։

Նախօրեին հայտնի էր դարձել, որ Սիրիայի հայաշատ Հալեպ քաղաք են մտել հակակառավարական ահաբեկչական խմբավորումներ։ Բերիո թեմի ազգային առաջնորդարանը դիմել էր հայերին՝ մնալ բնակարաններում և խուճապի չմատնվել։

Անհրաժեշտ պարագաներում կամ անապահով կացության մատնվելու դեպքում՝ հեռաձայնել 4443 999-4614510- 2125696 հեռախոսահամարներով։

Սիրիայի Հալեպում առաքելություն իրականացնող Հայաստանի հումանիտար ականազերծման և բուժաշխատողների ողջ անձնակազմը նոյեմբերի 29-ի երեկոյան ՊՆ ռազմատրանսպորտային ինքնաթիռով վերադարձել է Հայաստան․ այս մասին էլ հայտնել էր ՀՀ Պաշտպանության նախարարությունը՝ հայտնելով, որ հաշվի առնելով տեղում ստեղծված իրավիճակը, որոշում է կայացվել ժամանակավորապես կասեցնել խմբի գործունեությունը Հալեպում։

Հայաստանի մասնագիտական խումբն իր առաքելությունը Սիրիայի երկրորդ խոշորագույն քաղաքում իրականացնում է 2019 թվականից։

Վերջին օրերին Սիրիայի մի շարք շրջաններում օպերատիվ իրավիճակը կտրուկ սրվել է, և ռազմական ակտիվ գործողություններ են սկսվել։ Թուրքիայի աջակցությունը վայելող, տարբեր հաշվարկներով հազարավոր զինյալներ՝ «Հայաթ Թահրիր աշ-Շամ» խմբավորման առաջնորդությամբ, ընդամենը մի քանի օրվա ընթացքում ավելի քան հինգ տասնյակ բնակավայր են գրավել՝ ընդհանուր առմամբ մոտ 400 քառակուսի կիլոմետր տարածք Հալեպ և Իդլիբ նահանգներում։

Տեսանյութեր

Լրահոս