Բայդենը Նեթանյահուին հորդորել է Գազայում պատերազմը դադարեցնելու շուրջ համաձայնագիր կնքել Լիբանանում հրադադարից հետո
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հեռախոսազրույցի ընթացքում նրան կոչ է արել համաձայնագիր կնքել ՀԱՄԱՍ-ի հետ Գազայի հատվածում պատանդների ազատ արձակման և հրադադարի շուրջ: Այս մասին հաղորդում է Axios-ը՝ վկայակոչելով իր աղբյուրներին։
Ըստ ամերիկացի երկու պաշտոնյաների, որոնց անունը չի հաղորդվում, Բայդենի և Նեթանյահուի զրույցը կայացել է այն բանից հետո, երբ Իսրայելի նախարարների կաբինետը հավանություն է տվել Լիբանանում հրադադարի համաձայնագրին։ Բացի Լիբանանից, երկու ղեկավարները զրուցել են ՀԱՄԱՍ-ի հետ գործարքի ու շարժման մոտ պահվող պատանդների ազատ արձակման մասին։«Այժմ մենք հնարավորություն ունենք: Եկեք ազատենք պատանդներին», – Բայդենի խոսքերն են հաղորդել աղբյուրները։
Նրանց խոսքով՝ Իսրայելի վարչապետը դրական է արձագանքել` ասելով, որ ցանկանում է փորձել:Իսրայելի բարձրաստիճան նախարարներից մեկն էլ Axios-ին հայտնել է, որ Նեթանյահուն շահագրգռված է պատանդների ազատ արձակմամբ, բայց այնպես, որ այդ գործարքը նրան չպարտադրի համաձայնել պատերազմի դադարեցմանը և իսրայելական զորքերի ամբողջական դուրսբերմանը Գազայից:
«Գազայում համաձայնության հասնելու ջանքերը թարմացնելու մտադրություն կա, բայց պարզ էր, որ նախ պետք է ավարտվի Լիբանանում պատերազմը: Այժմ ՀԱՄԱՍ-ն ավելի թույլ դիրքերում է, քանի որ «Հեզբոլլահ»-ը դուրս եկավ պատերազմից», – ասել է նախարարը:
Իսրայելի և լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման միջև հրադադարի համաձայնությունից հետո պաղեստինյան ՀԱՄԱՍ-ը հանդես եկավ հայտարարությամբ, որ պատրաստ է համագործակցել Գազայի հատվածում հրադադարի համաձայնության հասնելու համար։ Այնուամենայնիվ, ՀԱՄԱՍ-ն ընդգծել է, որ ցանկացած համաձայնագիր պետք է ներառի Գազայում պատերազմի դադարեցում և իսրայելական զորքերի ամբողջական դուրսբերում անկլավից: