Դին Լիժենը հաղթանակով մեկնարկեց շախմատի աշխարհի չեմպիոնի մրցախաղում
Շախմատի աշխարհի չեմպիոնի մրցախաղի անդրանիկ պարտիայում հաղթանակ տոնեց աշխարհի գործող չեմպիոն Դին Լիժենը:
Սինգապուրում ընթացող շախմատի աշխարհի չեմպիոնի համար մրցախաղի անդրանիկ տուրում Դին Լիժենը խաղում էր սև խաղաքարերով: Պարտիայի 42-րդ քայլին Գուկեշը անձնատուր եղավ: Մրցախաղի երկրորդ պարտիան կկայանա նոյեմբերի 26-ին:
Չեմպիոնական մրցախաղում աշխարհի չեմպիոնի տիտղոսը փորձում է պահպանել Չինաստանից Դին Լիժենը, իսկ հավակնորդների մրցաշարի հաղթողը Հնդկաստանից Գուկեշ Դոմարաջուին է: Շախմատի աշխարհի չեմպիոնի մրցախաղը մեկնարկում է նոյեմբերի 25-ին: Այն բաղկացած է 14 դասական պարտիայից և հնարավոր ոչ-ոքիի դեպքում շախմատիստները կմրցեն թայ-բրեյքում: Պատմության մեջ երկրորդն անգամն է, որ աշխարհի չեմպիոնի մրցախաղն անցկացվում է հարավարևելյան Ասիայում: 138 տարվա մեջ առաջին անգամն է, որ չեմպիոնի կոչման համար պայքարելու են Ասիա մայրցամաքի երկու ներկայացուցիչ: Չեմպիոնական մրցախաղերը կմեկնարկեն Երևանի ժամանակով 12:30-ից: