«Խորշում եմ այդ ստերից. դա ցեղասպան թուրքի թերմացքի քաղաքականություն է». Լարիսա Ալավերդյան
Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը խորշում է գործող իշխանությունների ստերից:
«Ես խորշում եմ այդ ստերից, այդտեղ անգամ մանիպուլյացիա չկա, դրանք մերկ ստեր են: Որևէ դրական արդյունք չի կարող լինել. լինելու է ավելի կոշտ մեկ անձի պաշտամունքի հասնող կառավարման համակարգ: Դա անգամ ավտորիտարիզմ էլ չէ: Այստեղ խղճուկ գիտելիքներով միապետի իշխանություն է լինում. Դեռ թողնենք մի կողմ, որ նա մազաչափ չի շեղվում այն ծրագրից, որի համար եկել է, ես խոսում եմ խորքային գիտելիքի պակասի մասին: Ինչին դիպչում են՝ պղծում են, և դա ոչ թե այլասերված գաղափարախոսությունների պատճառով է, այլ խղճուկ գիտելիքների կամ իրական գիտելիքի պակասի: Այդպիսի հիմքերով որևէ բարեփոխում չեն կարող անել»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա՝ մեկնաբանելով իրավապահ համակարգի բարեփոխումներն SMS-ով ոլորտի պատասխանատուներին աշխատանքից ազատելով և նոր նշանակումներ անելով պատկերացնող Նիկոլ Փաշինյանի գործելաոճին:
Հարցին՝ իր նշած գիտելիքի պակա՞սն է պատճառը, որ Նիկոլ Փաշինյանը հավասարության նշան է դնում Արևմտյան Հայաստանի և Արևմտյան Ադրբեջան կեղծ թեզի մեջ, նա պատասխանեց.
«Այդ հավասարության նշան դնելը գիտելիքի հետ կապ չունի՝ իր գաղափարախոսության հետ կապ ունի: Այդ թիմը դա հմտորեն է անում: Պայքարող կողմն այդ հմտությունները չունի: Ես շնորհակալ եմ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին, որը ցույց տվեց՝ որտեղ է գտնվում Արևմտյան Ադրբեջան կոչվածը: Ե՛վ քաղաքացի Փաշինյան Նիկոլը, և՛ իրեն իշխանության պահողները գիտեն, որ գոյություն չունի այդպիսի ո՛չ աշխարհագրական, ո՛չ պատմագրական որևէ տերմին: Որպես կատարող՝ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձն իրապես եզակի է: Օրվա իշխանության վարած քաղաքականությունը կարելի է բնութագրել՝ ինչպես թուրք ցեղասպանի թերմացք, դրանից ավել հնարավոր չէ պատկերացնել, դա իրոք ցեղասպան թուրքի թերմացքի քաղաքականություն է: Այլ բնութագիր չեմ կարող տալ»:
Իր հարցազրույցի ժամանակ Նիկոլ Փաշինյանը նույն հարթության վրա էր դրել «Արևմտյան Ադրբեջան» կեղծ թեզը և Արևմտյան Հայաստանը: «Հիմա մենք նեղվում ենք և շատ ծանր ենք տանում, պրոբլեմ ենք համարում, որ ինչ-որ տեղ ինչ-որ մարդիկ օգտագործում են «Արևմտյան Ադրբեջան» տերմինը, չէ՞։ Բա մենք որ ասում ենք՝ Արևմտյան Հայաստան, չե՞նք մտածում, որ ինչ-որ մարդկանց դա գրգռում է։ Ոնց որ ասում են՝ «Արևմտյան Ադրբեջան», և դա մեզ գրգռում է, այդպես էլ, երբ ասում ենք՝ Արևմտյան Հայաստան, ուրիշներին է գրգռում»,- ասել էր Նիկոլ Փաշինյանը:
Լարիսա Ալավերդյանն այս հայտարարությունն անբարո է համարում և կարծում է՝ ավելին է, քան տգիտությունը:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում