«…Չնայած, ինչ պետք ա լինի, սենց գնա Դուք դժվար էլ սմս ստանաք, սենց ամեն ինչ իրա հունով ա գնում». Միհրան Պողոսյանը՝ ՄԻՊ Անահիտ Մանասյանին

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) աշխատակազմից ՀՀ փաստաբանների պալատին 2024 թ. նոյեմբերի 18-ին տեղեկացրել են, որ Պաշտպանը 2024թ. նոյեմբերի 1-ին դիմում է ներկայացրել ՀՀ սահմանադրական դատարան՝ (ՍԴ) «ՀՀ Ազգային ժողովի կողմից 2024 թվականի հունիսի 12-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-285-Ն օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասի՝ ՀՀ Սահմանադրության 61-րդ, 64-րդ, 78-րդ և 81-րդ հոդվածներին համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ:

Խոսքը փաստաբաններին շրջանառության հարկի դաշտից հանելու ու համընդհանուր հարկման դաշտում տեղակայելու մասին է, համաձայն որի՝ փաստաբանները 5%-ի փոխարեն հարկվելու են 36%-ով, ինչը նշանակումէ փաստաբանական ծառայությունների վճարների շեշտակի բարձրացում:
Մարդու իրավունքների պաշտպանը տեղեկացրել էր նաև, որ Սահմանադրական դատարան ներկայացված դիմումում ներառվել են նաև Սահմանադրության 29-րդ, 60-րդ, 61-րդ, 64-րդ, 73-րդ և 78-րդ հոդվածներին խնդրահարույց օրենքի անհամապատասխանության վերաբերյալ Փաստաբանների պալատի կողմից ներկայացված դիրքորոշումները:

Նշենք, որ նշված հարցով դեռևս 2024 թվականի հուլիսի 29-ին Փաստաբանների պալատը դիմել էր Մարդու իրավունքների պաշտպանին՝ ներկայացնելով օրենքի խնդրահարույց կարգավորումների հակասությունները Սահմանադրության՝ մարդու և քաղաքացու հիմնական իրավունքները և ազատությունները սահմանող գլխի դրույթներին:

ՍԴ-ն մերժել էր ՄԻՊ-ի դիմումը ծիծաղելի ու վիրավորական հիմնավորմամբ: Այդ առնչությամբ փաստաբան Միհրան Պողոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Սահմանադրական իրավունքը միջազգային հարթակներ բարձրացրած լավագույն իրավաբանի կողմից ՍԴ ներկայացված դիմումի կապակցությամբ.

«Նման պայմաններում Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ սույն դիմումի շրջանակներում ներկայացված դիրքորոշումների համատեքստում բարձրացված հարցով Սահմանադրական դատարան դիմելու իրավասություն Մարդու իրավունքների պաշտպանը չունի, հետևաբար՝ սույն գործով ներկայացված դիմումը ենթակա է մերժման»…

Ուրիշ ի՞նչ կա ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան: Ձեր կողմերը, չնայած, ինչ պետք ա լինի, սենց գնա Դուք դժվար էլ սմս ստանաք, սենց ամեն ինչ իրա հունով ա գնում»:

Տեսանյութեր

Լրահոս