Զրկանքները շատ են օգնում մարդկանց
– Հա՛յր, մարդիկ այսօր ինչո՞ւ են այդքան տառապում:
– Որովհետև խուսափում են աշխատանքից: Հարմարավետություն, ահա, թե որն է մարդկանց հիվանդությունների և տառապանքի պատճառը: Մեր ժամանակաշրջանում հարմարությունները բթացրել են մարդկանց: Իսկ փափամազիկությունն ու քնքշակեցությունը բազմաթիվ հիվանդություններ են բերել իրենց հետ: Առաջ մարդիկ որքա՜ն էին տանջվում, երբ ցորեն էին աղում:
Ինչպիսի՜ աշխատանք էր, բայց ախր այն ժամանակվա հացն էլ որքա՜ն քաղցր էր: Մարդիկ գետնին ընկած հացը բարձրացնում էին և համբուրում:
Շրջափակումը վերապրած մարդիկ, երբ հացի ավելորդ կտոր են տեսնում, խնամքով մի կողմ են դնում: Իսկ մյուսներն ավելորդ հացը դեն են շպրտում՝ չհասկանալով, թե ինչ գնով է այն ստացվում: Հացը չեն գնահատում, մեծ կտորներով աղբանոց են նետում: Աստված Իր օրհնություններն է տալիս մարդկանց, բայց նրանց մեծամասնությունը նույնիսկ փառք չի տալիս Աստծուն: Այսօր ամեն ինչ հեշտորեն, առանց դժվարության է տրվում մարդկանց:
Զրկանքները շատ են օգնում մարդկանց: Երբ մարդիկ զրկվում են որևէ բանից, ինչ-որ բանի պակաս են զգում, ի վիճակի են լինում գնահատել այն, ինչ կորցրել են: Իսկ նրանք, ովքեր գիտակցաբար ու խոնարհությամբ իրենց ինչ-որ բանից զրկում են հանուն Քրիստոսի սիրո, հոգևոր ուրախություն են ապրում: Եթե, օրինակ, մեկն ասի. «Մի մարդ հիվանդ է և այդ պատճառով էլ ես այսօր ջուր չեմ խմի: Տե՛ր Աստված, ավելին անել չեմ կարող»: Եվ եթե մարդը դա անի, ապա Աստված նրան ոչ թե ջուր կտա խմելու, այլ քաղցր զովացուցիչ ըմպելիք՝ աստվածային մխիթարությունը:
Տառապող մարդիկ խոր երախտագիտություն են զգում նույնիսկ ամենաչնչին օգնության համար: Իսկ հարուստ ծնողների երես առած երեխան ոչնչով չի գոհանում, նույնիսկ, եթե հայրն ու մայրը նրա բոլոր քմահաճույքները կատարեն: Նման երեխան կարող է ամեն ինչ ունենալ ու տանջվել, ձախողվել, խենթություններ անել: Իսկ որոշ խեղճ երեխաներ մեծագույն երախտագիտություն են զգում իրենց ցույց տրված փոքր օգնության համար:
Եթե մի բարի մարդ նրանց փոխարեն վճարում է ուղեվարձը մինչև Աթոս, ապա ինչպե՜ս են շնորհակալություն հայտնում նրան և Քրիստոսին: Իսկ բազմաթիվ հարուստ երեխաներից լսում ես. «Մենք ամեն ինչ ունենք, ինչո՞ւ ամեն ինչ ունենք»: Ոչնչի կարիք չունենալով՝ տրտնջում են, փոխարենը շնորհակալ լինեն Աստծուն և աղքատներին օգնեն:
Սա մեծագույն երախտամոռություն է: Նրանք նյութական որևէ կարիք չունեն և այդ պատճառով էլ դատարկություն են զգում իրենց ներսում:
Ծնողներն ամեն ինչ պատրաստի են տալիս իրենց երեխաներին, և այդ պատճառով էլ երեխաներն ապստամբում են նրանց դեմ, միայն մի ուսապարկով հեռանում են տանից ու թափառում ողջ աշխարհում: Դեռ ծնողներն էլ գումար են տալիս, որպեսզի տուն զանգեն ու ասեն, որ իրենց մոտ ամեն ինչ կարգին է, բայց նրանք թքած ունեն ծնողների խնդրանքների վրա: Հետո ծնողներն սկսում են փնտրել նրանց: Մի պատանի ամեն ինչ ուներ, սակայն ոչինչ չէր ուրախացնում նրան:
Եվ ահա, հեռացավ տանից, շենքերի մուտքերում էր գիշերում, բայց չէ՞ որ լավ ընտանիքից էր: Իսկ եթե որևէ աշխատանք ունենար և հացն իր քրտինքով վաստակեր, ապա իր աշխատանքն իմաստ կունենար, իսկ ինքն էլ խաղաղ կլիներ ու կփառաբաներ Աստծուն:
Մարդկանց մեծամասնությունն այսօր զրկանքներ չի կրում: Եվ հենց այդ պատճառով էլ բարեպաշտություն չունեն: Եթե մարդն ինքը չի աշխատում, ապա ուրիշների աշխատանքը գնահատել չի կարող: Մի թեթև աշխատանք գտնել, գումար վաստակել, այնուհետև քեզ համար զրկանքներ փնտրել, ի՞նչ իմաստ ունի:
Օրինակ՝ շվեդները, որ իրենց անհրաժեշտ ամեն ինչի համար պետությունից նպաստ են ստանում և այդ պատճառով էլ չեն աշխատում ու թափառում են միայն: Նրանց ողջ աշխատանքը քամին է տանում, ներքուստ անհանգիստ են, որովհետև հոգևոր ռելսերից դուրս են եկել: Նրանք աննպատակ գլորվում են [կյանքում], ինչպես առանցքից դուրս եկած անիվներն են ճանապարհին գլորվում, մինչև որ անդունդն են ընկնում:
Հայր Պաիսիոս Աթոսացի
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի