
Կրեմլն այլ երկրներին կոչ է արել ուսումնասիրել Ռուսաստանի թարմացված միջուկային դոկտրինը

Օտարերկրյա առաջնորդները պետք է ուշադիր ուսումնասիրեն Ռուսաստանի թարմացված միջուկային դոկտրինը։ Ինչպես տեղեկանում ենք RT գործակալությունից, այս մասին ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն այն բանից հետո, երբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտոնապես հաստատել է փաստաթուղթը։
Նոյեմբերի 19-ին հրապարակված 8-էջանոց փաստաթուղթը ներառում է փոփոխություններ, որոնք Պուտինը նախատեսել էր սեպտեմբերին։
Պեսկովի խոսքով՝ փաստաթուղթը չափազանց կարևոր է և պետք է «շատ խորը վերլուծության առարկա դառնա ինչպես մեր երկրում, այնպես էլ, հավանաբար, արտերկրում»։ՌԴ նախագահի խոսնակն ուշադրություն է հրավիրել կոնկրետ ձևակերպման վրա, որում ասվում է, որ դոկտրինն «ուղղված է ապահովելու, որ հնարավոր թշնամին գիտակցի Ռուսաստանի Դաշնության և/կամ նրա դաշնակիցների դեմ ագրեսիայի դեպքում պատասխան գործողությունների անխուսափելիությունը»։
Պեսկովը նաև հայտարարել է, որ թարմացված միջուկային դոկտրինը ենթադրում է միջուկային պատասխանի հնարավորություն Ուկրաինայի կողմից Ռուսաստանի դեմ արևմտյան ոչ միջուկային հրթիռների կիրառման դեպքում։
«Այնտեղ նաև խոսքը գնում է այն մասին, որ Ռուսաստանի Դաշնությունն իրեն իրավունք է վերապահում օգտագործել միջուկային զենք իր և (կամ) Բելառուսի Հանրապետության (որպես Միութենական պետության անդամ) դեմ սովորական զենքի օգտագործմամբ ագրեսիայի դեպքում, որը կրիտիկական վտանգ է ստեղծում նրանց ինքնիշխանության և (կամ) տարածքային ամբողջականության համար», – Պեսկովի խոսքերն է մեջբերում ՌԲԿ-ն։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ավելի վաղ հաստատել էր թարմացված միջուկային դոկտրինը։ Ըստ փաստաթղթի՝ առաջնահերթություն է համարվում Ռուսաստանի և նրա դաշնակիցների դեմ հակառակորդի հնարավոր հարձակման զսպումը։