Զինվորականների աշխարհի 37-րդ առաջնությանը մասնակցող երկրների պատվիրակությունների ղեկավարները այցելել են Ծիծեռնակաբերդ

Բանակային սպորտի միջազգային ֆեդերացիայի (CISM) նախագահ Ռոլիմ Նիլտոյի գլխավորությամբ ըմբշամարտի զինվորականների աշխարհի 37-րդ առաջնությանը մասնակցող տարբեր երկրների պատվիրակությունների ղեկավարները նոյեմբերի 19-ին այցելեցին Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԶՈՒ ԳՇ ֆիզիկական պատրաստության և սպորտի ծառայության պետ, գնդապետ Արման Դավթյանի ուղեկցությամբ:

Հյուրերին դիմավորեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը: Նա հյուրերին ուղեկցեց դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: ՀՑԹԻ փոխտնօրենն անդրադարձ կատարեց նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարերի և Արցախյան գոյամարտի տարիներին Հուշապատի դիմացի հատվածում հուղարկավորված հինգ ազատամարտիկների պատմություններին՝ շեշտելով կապը տեղի ունեցածի և Հայոց ցեղասպանության միջև:

Բանակային սպորտի միջազգային ֆեդերացիայի (CISM) նախագահ Ռոլիմ Նիլտոն և ՀՀ ԶՈՒ ԳՇ ֆիզիկական պատրաստության և սպորտի ծառայության պետ Արման Դավթյանը ծաղկեպսակներ դրեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, այնուհետև հյուրերը ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:

Հյուրերը շրջեցին նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, որտեղ ՀՑԹԻ-ի էքսկուրսավարներ Էլեն Հակոբյանի և Ժաննա Մելքոնյանի ուղեկցությամբ ծանոթացան մշտական և ժամանակավոր ցուցադրություններին:

Տեսանյութեր

Լրահոս