Բաժիններ՝

Մանկապարտեզներին սննդի մատակարարման վերաբերյալ քաղաքապետարանի պահանջները խիստ են լինելու. Տիգրան Ավինյան

Երևանի քաղաքապետարանն էականորեն ավելացրել է վերահսկողությունը մանկապարտեզներին մատակարարվող սննդի որակի նկատմամբ։ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ այս մասին հայտարարեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

 «Մեզ համար շատ կարևոր է, թե ինչ սնունդ է մատակարարվում մեր մանկապարտեզներին։ Այս առումով ուզում եմ տեղեկացնել բոլոր մատակարարներին, որոնք տարիներ շարունակ ինչ-որ մի տրամաբանությամբ գործել և աշխատել են։ Ուզում եմ ասել, որ այլևս այդ տրամաբանությունները չեն աշխատում, այլևս նախկինում հանդուրժվող մոտեցումները սննդի որակի վերաբերյալ չեն կարող մեր կողմից ընդունվել։ Ուզում եմ այս պահից զգուշացնել՝  բոլոր այն իրավաբանական անձինք, որոնք որոշում են կայացնում մասնակցել Երևանի քաղաքապետարանի հայտարարած սննդի մատակարարման մրցույթներին, պետք է իմանան, որ մենք մեր պահանջներում էականորեն ավելի խիստ ենք և չենք հանդուրժելու անորակ սննդի մատակարարում մեր մանկապարտեզներին։ Սա ոչ միայն ֆինանսական, այլ նաև ուրիշ հետևանքներ կարող է ունենալ մատակարարների համար։ Եթե ռիսկ եք տեսնում, որ չեք կարողանում ապահովել որակով սնունդ, ես խորհուրդ կտամ զերծ մնալ այս գործընթացներին մասնակցելուց։  Բոլոր այն արտադրողներին, որոնք գիտեն, որ իսկապես որակյալ սնունդ են մատակարարում, խորհուրդ եմ տալիս, որ մասնակցեն այս գործընթացներին, որովհետև մեր նպատակն է, որ մեր երեխաների համար հասանելի լինի միայն որակյալ սնունդ»,- նշեց Ավինյանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս