Բաքվում անցկացվող COP29-ի ժամանակ ներկայացվել են աշխարհի ամենաշատ արտանետումներ ունեցող քաղաքները
Ասիայում և ԱՄՆ-ում գտնվող քաղաքներն արտանետում են ամենաշատ ջերմոցային գազերը, որոնք նպաստում են կլիմայի փոփոխությանը, իսկ Շանհայը գլխավորում է այդ ցուցակը։
Այս մասին հաղորդում է The Associated Press-ը՝ վկայակոչելով նոր տվյալները, որոնք համատեղում են հետազոտությունները և արհեստական բանականությունը։
Յոթ նահանգները, որոնք ավելի քան 1 միլիարդ տոննա ջերմոցային գազեր են արտանետում, հիմնականում Չինաստանում են, բացի ԱՄՆ Տեխաս նահանգից, որը զբաղեցնում է վեցերորդ հորիզոնականը։Երկիր մոլորակի ածխաթթու գազով և մեթանով աղտոտվածությունն աճել է 0,7%-ով՝ հասնելով 61,2 մլրդ տոննայի։
Որոշ խոշոր քաղաքներ արտանետում են ավելի շատ ջերմոցային գազեր, քան որոշ երկրներ։ Շանհայն արտանետում է 256 միլիոն տոննա ջերմոցային գազեր, Տոկիոն՝ 250 միլիոն տոննա, Նյու Յորքը՝ 160 միլիոն տոննա, իսկ Հյուսթոնը՝ 150 միլիոն տոննա։ Քաղաքների շարքում Սեուլը հինգերորդ հորիզոնականում է՝ 142 միլիոն տոննա արտանետումներով։
Ըստ հետազոտության՝ 2022-2023 թվականներին մեծապես ավելացել են Չինաստանի, Հնդկաստանի, Իրանի, Ինդոնեզիայի և Ռուսաստանի արտանետումները, մինչդեռ Վենեսուելայում, Ճապոնիայում, Գերմանիայում, Մեծ Բրիտանիայում և ԱՄՆ-ում գրանցվել է արտանետումների ամենամեծ կրճատումը։
Նոր հետազոտությունն իրականացվել է մի ընկերության կողմից, որի համահիմնադիրն է ԱՄՆ նախկին փոխնախագահ Ալբերտ Գոռը։ Նա նոյեմբերի 15-ին ելույթ է ունեցել Բաքվում COP29-ի շրջանակներում անցկացվող նիստերից մեկում։ Գոռը քննադատել է կլիմայի շուրջ բանակցությունների անցկացումն Ադրբեջանում և Արաբական Միացյալ Էմիրություններում (2023 թվականին)։
«Ցավալի է, որ հանածո վառելիքի արդյունաբերությունը և նավթային պետությունները անառողջ աստիճանի վերահսկողություն են հաստատել COP-ի գործընթացի վրա։ Հաջորդ տարի Բրազիլիայում մենք այդ օրինաչափության փոփոխություն կտեսնենք: Բայց, գիտեք, համաշխարհային հանրության համար լավ չէ աշխարհի թիվ 1 աղտոտող արդյունաբերությանը այդքան վերահսկողություն տալ ողջ գործընթացի նկատմամբ», – նշել է Ալ Գոռը:
Բաքվում անցկացվող COP29-ի՝ ՄԱԿ-ի կլիմայի շուրջ բանակցությունների ժամանակ երկրները փորձում են նոր թիրախներ դնել՝ նվազեցնելու արտանետումները և որոշելու, թե հարուստ երկրները որքան պետք է վճարեն աշխարհին այդ հարցում օգնելու համար: