«Փաշինյանի կողմից արմատախիլ արված կոռուպցիոն սկանդալները հատել են Հայաստանի սահմանները և հասել միջազգային մամուլ»

ՀՀԿ Երիտասարդական կազմակերպության նախագահ Հենրիխ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այս անգամ Փաշինյանի կողմից արմատախիլ արված կոռուպցիոն սկանդալները հատել են Հայաստանի սահմանները և հասել միջազգային մամուլ:

Փաստորեն, ձեր համար ժողովուրդը տուգանքի նյութ է, և դուք միլիոններ եք գողանում տատիկ-պապիկների հաշվին, որոնց խաբել եք, որ նրանք ավելի լավ են ապրելու: Մինչդեռ մեր քաղաքացիները օր-օրի ավելի ու ավելի ծանր պայմաններում են ապրում, դուք լցնում եք ձեր գրպանները:

Խոսքը Տիգրան Ավինյանի ընտանեկան բիզնեսի կոռուպցիոն շղթայի բացահայտման մասին է:

Տիգրան Ավինյանը, ով իշխանության էր եկել 2018թ․ «Թավշյա հեղափոխության» ալիքով, հայտնվել է կոռուպցիոն սկանդալի կիզակետում: Ինչպես հայտնում է OCCRP-ն, նրա ընտանիքին պատկանող Irrigate LLC ընկերությունը ստացել է մեծ ֆինանսական շահույթ այն պետական գյուղատնտեսական ծրագրից, որը ղեկավարում էր հենց Ավինյանը՝ որպես փոխվարչապետ:

OCCRP-ի տվյալներով՝ ծրագրի 9 շահառուներ որպես ենթակապալառու ընտրել են Irrigate LLC-ին: Այդ ընկերությունները մոտ 620,000 դոլարի չափով միջոցներ են ստացել ինտենսիվ այգիների ստեղծման համար, ընդ որում՝ երկու ընկերություն ընդգրկվել են պետական սուբսիդիաների ամենամեծ շահառուների ցանկում:

Փոխվարչապետ նշանակվելուց հետո Irrigate LLC-ի շահույթը կտրուկ աճել է, իսկ հարկային վճարումները ավելացել են ավելի քան 12 անգամ: 2011-ից 2018 թվականներին ընկերությունը վճարել է 13.5 միլիոն դրամ հարկ, մինչդեռ 2019-ից 2023 թվականներին այդ գումարը կազմել է 106 միլիոն դրամ:

Սա է սրանց իրական դեմքը՝ կոռուպցիոներներ, սեփական ժողովրդի հաշվին հարստացող անկուշտ խաբեբաներ»:

Տեսանյութեր

Լրահոս