«Ալիևի հորն էլ են ստորացրել, իրեն էլ. հիմա առյուծ է կտրել, որդուն է պատրաստում իշխանության». Գրիգոր Բալասանյան
Թեպետ Հայաստանի իշխանությունները հույժ գաղտնի են պահում խաղաղության պայմանագրի կետերը՝ նշելով, որ ելնում են դիվանագիտական կոռեկտությունից, բայց Բաքվից չհամաձայնեցված կետերը գաղտնազերծեցին: Դրանք վերաբերում են հայ-ադրբեջանական սահմանից ԵՄ դիտորդների դուրսբերմանը, Հայաստանի հետ իրավական վեճերի բացառմանը և Հայաստանի ապառազմականացմանը:
Ինչո՞ւ են այս կետերը խաղաղության պայմանագրի մաս, և ինչո՞ւ է Ադրբեջանը փորձում հասնել Հայաստանի ապառազմականացման, եթե Ադրբեջանի նպատակն իսկապես խաղաղության հասնելն է:
168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանն ընդգծեց՝ Ալիևը բացահայտ շանտաժ է անում Հայաստանին և որդու համար իշխանություն պատրաստում.
«Ալիևը իր տղայի համար իշխանություն է պատրաստում, և այդ իշխանության պարագայում Հայաստանը ռազմական առումով իրենից ոչինչ չպետք է ներկայացնի, որ հանկարծ Ալիև կրտսերն իրեն այն դիսկոմֆորտի մեջ չզգա, ինչպես զգացել են իր պապը և հայրը: Սա է Հեյդար Ալիևի որդու հիմնական նպատակը՝ Հայաստանը դարձնել դիմադրությունից զուրկ մի տարածք, որն անվերապահորեն կենթարկվի թուրք-ադրբեջանական տանդեմի հրահանգներին, որն անգամ կհրաժարվի իր ինքնությունից, ազգային արժեքներից՝ միայն մի բանի համար, որ թվացյալ խաղաղություն լինի, և Ալիևը հանկարծ չմտափոխվի և ռազմական գործողություններ չսկսի: Ալիևը բացահայտ շանտաժի լեզու է օգտագործում, բայց զարմանալիորեն սրանց մենք անգամ դիվանագիտական դաշտում որևէ կերպ չենք հակադարձում»:
Միջազգայնագետը նկատեց՝ առանց տարածաշրջանային պետությունների մասնակցության և առանց նրանց համաձայնության՝ ստորագրված խաղաղության պայմանագիրը կյանք չի ունենալու, հետևաբար, «3+3» հարթակն այս պարագայում նա համարում է չարյաց փոքրագույնը, որ Հայաստանը պետք է ընտրի, եթե օրակարգում կա խաղաղության պայմանագրի ստորագրում:
«Աշխարհաքաղաքական կենտրոնների մոտ այս հարցում կա կոնսենսուս, որ այդ պայմանագիրը պետք է ստորագրվի: Ժամկետների վերաբերյալ կան տարաձայնություններ. Մոսկվան ասում է՝ դեռ մի շտապեք, Վաշինգտոնն ասում է՝ ստորագրեք, որովհետև խաղաղություն է պետք տարածաշրջանին: Տեսնենք՝ Թրամփի քաղաքականությունն ինչպիսին կլինի, բայց նվազագույնը ԱՄՆ գործող վարչակազմը ցույց տվեց, որ շատ է շտապում և մեծ ակնկալիքներ ունի հայ-ադրբեջանական պայմանագրի շուտափույթ ստորագրումից»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է Թրամփի օրոք ԱՄՆ արտաքին քաղաքականությանը, ապա ըստ Գրիգոր Բալասանյանի՝ Թրամփը գնալու է աշխարհաքաղաքական կենտրոնների հետ պայմանավորվելու ճանապարհով. «Բայդենի վարչակարգի շնորհիվ այսօր ԱՄՆ-ի դեմ երկրագնդի մի քանի հատվածներում լուրջ դաշինքներ են ձևավորվել: Ուկրաինայում ռազմական գործողությունների ավարտից հետո Հարավային Կովկասն ակտիվանալու է, որովհետև նույն Ռուսաստանն էլ է ակտիվանալու այստեղ: ԱՄՆ-ը փորձելու է Իրանի հետ Ռուսաստանի ունեցած հարաբերություններին ինչ-որ մի կերպ խանգարել, իսկ այդ խանգարելը լինելու է հետևյալը՝ կա՛մ Իրանի նկատմամբ պատժամիջոցներն ավելի կխստացվեն, բայց դա կբերի հակառակ արդյունքի, կա՛մ կգնան Իրանի հետ հարաբերությունների կարգավորման, պատժամիջոցների ռեժիմի թուլացման, և միջուկային ծրագրի հետ կապված բանակցությունները կվերսկսվեն՝ հաշվի առնելով, որ Իրանի նախագահը բարեփոխիչ է»:
44-օրյա պատերազմում տարած հաղթանակի կապակցությամբ՝ Իլհամ Ալիևը դիմել է Ադրբեջանի ժողովրդին՝ 20 րոպեանոց ելույթում 11 անգամ հայերին անվանել է թշնամի ու պնդել՝ «նրանց արածներն Ադրբեջանի որևէ սերունդ չպետք է մոռանա»։
Միջազգայնագետի խոսքով՝ պետք չէ նման պայմաններում խոսել խաղաղության օրակարգի մասին. «Սա պետք է լիներ Հայաստանի դիվանագիտական սեղանի շուրջ նստելու նախապայմաններից մեկը: Նույն միջազգային միջնորդները, որոնք Հայաստանին և Ադրբեջանին մի կետից պոկում և բերում էին մեկ այլ կետում նստացնում բանակցությունների սեղանի շուրջ, լայն ժպիտով, և իրենց գործն արած էին համարում, Հայաստանը պետք է ներկայացներ, որ ինքը կվերադառնա բանակցությունների սեղանի շուրջ այս, այս, այս պայմաններում, և այդ պայմաններից մեկն Ալիևի հռետորաբանությունն է»:
Ըստ Բալասանյանի՝ Ալիևի հռետորաբանությունը նրա հոգեբանական տրավմաների հետևանքն է. «Ալիևի հորն էլ են ստորացրել, իրեն էլ. Իրեն այն աստիճանի էին ստորացրել, որ կուլիսների հետևում բողոքում էր, որ՝ ստիպում են ճանաչել Արցախի անկախությունը: Դա նույն Ալիևն է, որ հիմա առյուծ է կտրել և հաթաթա է տալիս հայ ժողովրդին, որ՝ դուք ձեզ խելոք պահեք, թե չէ մյուս անգամ… Մի պայմանով ենք մենք մյուս անգամ հանդիպելու, եթե իր ավագ եղբայրներն այնտեղ չլինեն, որովհետև ինքը շատ լավ գիտի, որ առանց իր ավագ եղբայրների՝ ինքը ոչինչ է, այդ թվում՝ իր կեղծ պետությունն ու իր բանակը: Էրդողանն Ալիևին ինչո՞ւ է շնորհավորում, ինքն իրեն պետք է շնորհավորի, որովհետև ինքն է եղել այդ ամենի հեղինակը, և թուրքական բանակի շնորհիվ է, որ Արցախը կուլ է գնացել: Մի ամիս շարունակ 2-3 կիլոմետրից ավել չէին կարողանում առաջ գալ, մինչև Ադրբեջանի ԳՇ պետը չփախավ երկրից, և թուրքական գեներալիտետը չեկավ չնստեց ԳՇ-ում, և չսկսեցին օպերացիաները նախագծել: Ախր, Ալիևի հետ գնալ՝ ի՞նչ խոսել, ի՞նչ բանակցել»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում



