Նիկոլի ու սուտ արևմտամետների, հայ ժողովրդին բրնձի դրախտավայր տանողների ճամբարում մղձավանջ է ու մանթրաժ. արթնացել ենք մի նոր աշխարհում, որքան էլ Թրամփը լինի պրոիսրայելական, նա ազատ է իսրայելական լոբբիից, թե՛ Իրանը, թե՛ ԱՄՆ-ը կխուսափեն պատերազմից. Լևոն Զուրաբյան

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնագահ Լևոն Զուրաբյանն է։

Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

  • Առանց չափազանցության կարող ենք ասել, որ Թրամփի հաղթանակից հետո մենք արթնացել ենք մի նոր աշխարհում։ Վերջին ժամանակներում ձևավորվել էր նեոլիբերալ, գլոբալիստ կառավարիչ խավ, որն իր տիրապետության տակ էր վերցրել աշխարհը ու իր պահանջներն էր թելադրում նրան։ 1991թ․ ԽՍՀՄ փլուզումից հետո ձևավորված միաբևեռ աշխարհում, ուր տիրապետող էր ԱՄՆ-ը, չհերիքեցին ներքին ռեսուրսները։ Այդպիսի դեպքերում սկսվում է պայքար, ու որևէ կայսրություն ունի երկու ճանապարհ՝ կա՛մ պետք է աշխարհից հանի իր ռեսուրսները, կենտրոնացնի իր մոտ, կա՛մ անխուսափելիորեն բախվի ուղիղ ճգնաժամի հետ։ Դա այն էր, ինչ կատարվեց Ամերիկայում։ Բայդենի կամ դեմոկրատների ադմինիստրացիաների պայքարը Հանրապետականների ու Թրամփի հետ դրա արդյունքն էր։ Ժողովուրդն այլևս անհանդուրժելի էր համարում այն իրավիճակը, որ ԱՄՆ-ը ողջ աշխարհը պահում է իր ազդեցության տակ, բայց բարձիթողի էին մատնված ներքին խնդիրները։ Թրամփի հաղթանակն ամերիկյան ժողովրդի ապստամբությունն էր նման քաղաքականության դեմ։ ԱՄՆ-ը հիմա պետք է սահմանափակի իր ամբիցիաները՝ ամենուր իր կամքը թելադրելու, ու այդ խնայված միջոցներով պետք է կարգավորի իր ներքին կյանքը։ Սա էր ասում Թրամփը։ ԱՄՆ-ում վիճակն իսկապես օրհասական է, որովհետև կրիմինալ ծանր իրավիճակ է ստեղծվել, բիզնեսներ են փակվում այդ պատճառով, տնտեսությունը լրջագույն խնդիրներ ունի… Այս ամենը բերում էր անարխիկ մթնոլորտի ձևավորման, ու մարդիկ, բնականաբար, ապստամբեցին։ Թրամփը դեմ է ապօրինի միգրացիային, կողմ կարգուկանոնին, ինչը պահանջում է ամերիկյան ժողովուրդը։ Թրամփի խոստացած ոսկեդարը սրա մասին է։ Նա դեմ է, որ ԱՄՆ-ը ներքաշվի 3-րդ համաշխարհային պատերազմի մեջ։
  • ԱՄՆ այս ընտրություններում լրատվամիջոցները, սոցիալական ցանցերը՝ Ֆեյսբուքը (և այլն), Յութուբը գտնվում էին դեմոկրատական կուսակցության ու Բայդենի ադմինիստրացիայի վերահսկողության տակ և աջակցում էին Քամալա Հարիսին։ Իրավիճակն այս առումով փոխեց Իլոն Մասկը, ով գնեց X-ը ու բացեց այն ազատ խոսքի առջև։ Նույնիսկ Մեծ Բրիտանիայի լեյբորիստական կուսակցության հսկայական բանակ գործուղվեց ԱՄՆ՝ Հարիսին օգնելու համար։ Թրամփի դեմ ամեն ինչ օգտագործվեց։ Սակայն Թրամփը չհանձնվեց, հաղթահարեց ամեն բան։ Թրամփի հաղթանակն իսկապես կարելի է համարել ժողովրդավարության հաղթանակ։

Կարդացեք նաև

  • Այսօրվա Թրամփը 2016թ․ Թրամփը չէ։ Այն ժամանակ նա մենակ էր, չուներ թիմ, Հանրապետական կուսակցությունն իր համար օտար էր, ու նա գնաց կոմպրոմիսների։ Նրան մատուցում էին մարդկանց, որոնց օգնությամբ նա կառավարում էր Ամերիկան։ ԱՄՆ-ը կառավարելուն նա 2016-ին պատրաստ չէր։ Հիմա իրավիճակն այլ է։ 8 տարվա ընթացքում Հանրապետական կուսակցության կազմը փոխվել է, ու հիմա այն ամբողջովին թրամփիստական կուսակցություն է։ Այն Թրամփի թիմն է։ Ռոբերտ Քենեդի, Իլոն Մասկ, Փոլ Ռայան, այլ գործիչներ։ Նրանց բոլորի համար դերակատարում է նախատեսված։ Ռոբերտ Քենեդին, օրինակ, պետք է տնօրինի սննդամթերքի ու դեղերի ամերիկյան ահռելի ինդուստրիան։ Արմատական փոփոխությունների խոստումներ են տրված, ու գործունակ թիմ է մտնում խաղի մեջ։
  • Ամերիկայում արդեն մոռացել էին՝ ինչ է նշանակում Սուրբ ծնունդ։ Քրիստոնեությունը դարձել էր ինչ-որ պախարակելի սեկտա։ Թրամփն իր հաղթանակի ելույթում ազգային ինքնությունը, ավանդույթները, իրական ժողովրդավարությունը վերականգնելու հիմքերը դրեց՝ ասելով, օրինակ՝ վերջապես մենք կտոնենք Սուրբ ծնունդը։
  • Թրամփը, փոխնախագահը և Հանրապետականների մեծ մասը կատեգորիկ դեմ է, որ Ուկրաինային միջոցներ տրամադրվեն Ռուսաստանի դեմ պատերազմելու համար։ Նրանք համարում են, որ այդ պատերազմը քանդում է Ուկրաինան, արյունաքամ անում երկիրը։ Թրամփի թիմի գաղափարախոսությունն այն է, որ Ռուսաստանի հետ հակամարտությունը ոչ մի նպատակի չի ծառայում, և հիմարություն էր Ռուսաստանին նետել Չինաստանի գիրկը, փոխանակ քաշելու իրենց կողմը։ Շատ կարևոր է, թե ում կնշանակի Թրամփն արտաքին գործերի նախարար՝ պետքարտուղար։ Եթե դա ԱՄՆ նախկին Պետքարտուղար Մայքլ Պոմպեուն լինի, ուրեմն առանձնապես փոփոխություններ չեն լինի, իսկ եթե, օրինակ, նախկինում դեմոկրատ նախագահի թեկնածու, այժմ հանրապետական Թուլսի Գեբարդի նման մեկը լինի,  կլինեն գլոբալ փոփոխություններ։
  • Պետք է հասկանալ, որ Ռուսաստան-Արևմուտք հակամարտությունը սպառնալիք է ողջ աշխարհի համար։ Եթե այս հարցը լուծվի, բոլորս շունչ կքաշենք, որովհետև կյանքն ավելի անվտանգ կդառնա։ Դա լավ կլինի նաև Հայաստանի համար, որովհետև եթե Ռուսաստանն ու Արևմուտքը լեզու գտնեն միմյանց հետ, մենք կկարողանանք վարել հավասարակշռված քաղաքականություն։
  • Ես համաձայն եմ, որ եթե ԱՄՆ-ը ներքաշվի Իրանի դեմ պատերազմի մեջ, ինչը Նեթանյահուի երազանքն է, իրավիճակը կլինի անվերահսկելի։ Բայց կարծում եմ՝ թե՛ Իրանը, թե՛ ԱՄՆ-ը ուզում են խուսափել դրանից։ Ես չեմ կիսում այն մարդկանց կարծիքը, ովքեր պնդում են, թե Թրամփը կտեղավորվի Նեթանյահուի սխեմայի մեջ։ Թրամփը հստակ ասաց՝ իր կառավարման օրոք ինքը պատերազմ թույլ չի տալու։ Նա ունի այդ հավատամքը։ Որքան էլ Թրամփը լինի պրոիսրայելական, նա միակ մարդն է, միակ պետական գործիչը, որ ազատ է լինելու իսրայելական լոբբիից։ Նա էլ ստանալիք չունի հրեաներից, էլ ընտրվելու ժամկետ չունի։ Այո՛, իսրայելական լոբբին բոլորին պահում է իր բռունցքի տակ, ֆինանսավորում է քաղաքական գործիչներին, սակայն Թրամփն այդ խնդիրը չունի։ Թրամփը հիմա ունի ժողովրդի հսկայական աջակցությունը, Քամալա Հարիսից 5 միլիոն ավել ձայն է ստացել։ Նա ոչ թե պողպատե, այլ պլատինե մանդատ ունի։ Այդ առումով նա լինելու է ամենաազատ քաղաքական գործիչը։ Որ պահին ԱՄՆ-ը զենք չտա, Իսրայելը կդադարեցնի Պաղեստինի ու Լիբանանի ցեղասպանությունը, իսկ Իսրայելը հիմա ուրիշ բանով, քան ցեղասպանությունն է, չի զբաղվում։ 
  • Թրամփը ՆԱՏՕ-ական գաղափարախոսության կողմնակից չի լինելու։ Նրա համար առաջնայինը լինելու է ԱՄՆ շահը։ Ամբողջ աշխարհի համար ավելի լավ է, որ լինի տնտեսական հակամարտություն, քան ռազմական։
  • Թրամփի հաղթանակը մեծագույն վիշտ էր Նիկոլ Փաշինյանի ու իր վարչակազմի համար։ Էս մարդիկ մտածում էին, որ Արևմուտքի հետ գործարք կկնքեն, Արցախը կտան Ադրբեջանին, կփակեն Մեղրիի թեման, թուրքերի ու ադրբեջանցիների հետ լավ կլինեն, ու՝ էստեղ հաց, էստեղ կաց։ Փաշինյանը և նրա թիմը մեր ժողովրդին պատրաստվում էր տանել հացի կամ բրնձի դրախտավայրը։ Հավատացել էին Արևմուտքի խոստումներին։ Տվեցին Ղարաբաղը, բայց խաղաղություն չապահովեցին։ Փաշինյանը և նրա թիմն այս բոլոր սխեմաները պայմանավորվել էին ԱՄՆ-ում մարդկանց հետ, ովքեր այլևս ոչ մի դերակատարություն չեն ունենալու։ Հիմա նրանք ոչ մի պատրանք չունեն, ու հիմա Նիկոլի ու սուտ արևմտամետների ճամբարում մղձավանջ է ու մանթրաժ։ Եթե առաջ պատրանք ունեին, որ իրենց գործընկերները հայտարարություններով հանդես կգան ի պաշտպանություն Հայաստանի, որոնց, իհարկե, Ալիևը բանի տեղ չէր դնի, հիմա այդ պատրանքն էլ սկեց։ Ինչ-որ իմաստով դա նույնիսկ լավ է։ Մեր ժողովրդի մեջ ևս այլևս չեն կարող կեղծ սպասումներ առաջացնել։ Իրենք կորցրին 2026թ․ իրենց ընտրական նպատակներն ապահովող շատ կարևոր մանիպուլյացիոն գործիք։

  • Եվրոպական միությունը չի արձագանքում, երբ Հայաստանում ոստիկանական, քննչական ճնշումներով համայնքապետեր են փոխվում, իշխանություն են զավթում ու դառնում ՔՊ-ական։
  • Թրամփի հեռախոսազրույցը Արամ Ա կաթողիկոսի հետ պայմանավորված էր նախընտրական տրամաբանությամբ։ Հայերի ձայները բաշխված են անփոփոխելի նահանգներում ու մեծ ազդեցություն չունեն ընտրությունների վրա, բայց կան նահանգներ, որտեղ հայերը կարող են բան փոխել, ու այդ առումով Թրամփի հաշվարկը ճիշտ էր։
  • Ալիևը Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր չի կնքում, որովհետև գտնվում է ռազմավարական սպասման մեջ։ Այստեղ կարևոր է լինելու Իրան-Իսրայել կոնֆլիկտի զարգացումը ու դրա մեջ Ամերիկայի դերակատարությունը։ Ալիևը ևս սպասում էր ԱՄՆ նախագահական ընտրություններին: 
  • Թրամփը գաղափարախոսական տաբուներ չունի։
  • Ուղիղ միջամտություն ԱՄՆ-ի կողմից՝ սանձելու Ալիևին, երբեք չի լինելու։ Չի եղել Բայդենի վարչակազմի կողմից, չի լինելու նաև Թրամփի օրոք։ Թրամփի օրոք նույնպես ԱՄՆ շահը լինելու է Զանգեզուրի միջանցքի, կոմունիկացիոն ուղիների բացումը՝ առանց Ռուսաստանի ու Իրանի։ Մենք այստեղ որևէ պատրանք չպետք է ունենանք։
  • Երբ մեզ Ռուսաստանը խաղաղության բավականին շահավետ տարբերակ էր առաջարկում, Փաշինյանը և նրա թիմը դա մերժեցին, հիմա ստիպված գնալու է ռուսների գիրկը, բայց դրանից իր հարգանքը չի ավելանալու։ Գնալու է ճարահատյալի կարգավիճակով, ու դա նշանակում է, որ մենք կորցրել ենք բազմաթիվ հնարավորություններ։ Դա Փաշինյանի կլասիկ մեթոդաբանությունն է, որով ինքը կործանեց երկիրը ու շարունակում է կործանել։ Նա միշտ քաղաքական հնարավոր ընտրանքներից ընտրում է վատագույնը։

  • Էս ժողովուրդը չի փորձում ազատվել Նիկոլ Փաշինյանից մի պարզ պատճառով, որ նա իր միակ խաղաղության հույսն է։ Եթե ռեալիստական ուժերը միավորվեն մի պլատֆորմի տակ, որը մարդկանց կբացատրի, որ Փաշինյանը չի կարողանում իրական խաղաղություն ապահովել, և մարդկանց իրատեսական առաջարկներ կներկայացնեն, Հայաստանում կարող է իշխանություն փոխվել։

 Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս