Պահանջում ենք, որ COP-29-ը հյուրընկալի բարոյական, անբասիր հետագիծ ունեցող երկիր. Ասպրամ Կրպեյան
ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի առջև քիչ առաջ մեկնարկեց բողոքի ակցիա՝ Բաքվի բանտերում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների, քաղաքացիական անձանց, այդ թվում՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ազատ արձակման պահանջով։
«Կլիմայական պաշտպանությունն անհնար է առանց մարդու իրավունքների պաշտպանության»․ մասնակիցների ձեռքերում այս գրությամբ պաստառներ են՝ տարբեր լեզուներով, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության նկարներով ցուցապաստառ։
ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Ասպրամ Կրպեյանը հայտարարեց որ պահանջում են, որ COP 29-ը, որ համարվում է աշխարհում ամենամեծ կլիմայական արդարությանը միտված համաժողովը, հյուրընկալի մի երկիր, որն իրապես բարոյական արժանիքներ, քաղաքական անբասիր, անբիծ հետագիծ ունի մարդու իրավունքների պաշտպանության, ժողովրդավարական արժեքների պ պաշտպանության հարցում։
«Պահանջում ենք, որ COP 29-ը հյուրընկալի ոչ թե բռնապետական մի պետություն, որը 1 տարի առաջ ցեղասպանական գործողություններ իրականացրեց հայկական Արցախում, մարդու իրավունքների կոպտագույն խախտումով հայրենազրկեց մեր ժողովրդի մի հատվածին։ Մենք պահանջում ենք, որ Ադրբեջանը չհյուրընկալի կլիմայական արդարության պաշտպանությանն ուղղված այս համաժողովը»,- հայտարարեց նա։
Պատգամավորի խոսքով՝ բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում են, որ Բաքվի բանտերում պահվող հայ գերիներին ազատ արձակելուց բացի միջազգային հանրությունն անկախ հետաքննական մեխանիզմներ գործադրի Ադրբեջանի կողմից իրագործված և իրագործվող մարդու իրավունքների ոտնահարման դեպքերի առնչությամբ։
«Պահանջում ենք, որ համաշխարհային հանրությունը, համամարդկային, ժողովրդավարական արժեքներ դավանող երկրների առաջնորդները դատապարտեն, հրաժարվեն և մասնակիցը չդառնան ադրբեջանական արյունալի պատմության հետագծի մաքրագործման հարցում»,- շեշտեց Կրպեյանը։