Առողջության համապարփակ ապահովագրության համակարգը 2025 թվականին չի ներդրվի

Առողջության համապարփակ ապահովագրության համակարգը 2025 թվականին չի ներդրվի: Այս մասին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2025 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի նախնական քննարկմանն ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ հայտնելով, որ Առողջապահության նախարարությանը 2025 թվականին կհատկացվի 162 մլրդ 996 մլն դրամ, որը 5.3 մլրդ դրամով պակաս է 2024 թվականի բյուջեով հատկացված գումարից: 

«2024 թվականին բյուջեով նախատեսված էր 18 մլրդ դրամ՝ առողջության համապարփակ ապահովագրության ներդրման համար: Քանի որ առողջության համապարփակ ապահովագրությունը չի ներդրվել 2024 թվականին, ապա այդ 18 մլրդ դրամը չի ծախսվել այդ ուղղությամբ:

Իհարկե, այդտեղից վերաբաշխում ենք արել տարբեր ուղղություններով: Եթե այդ 18 մլրդ դրամը հանենք 2024 թվականի բյուջեից, ապա 2025 թվականի բյուջեով 2024 թվականի նկատմամբ ունենք շուրջ 12 մլրդ դրամի ավելացում»,–ասաց Վահե Հովհաննիսյանը:

Նա ասաց, որ բյուջեի նախագծի մեջ ապահովագրության համար միջոցներ չեն նախատեսվել: Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նշեց, որ միջնաժամկետ ծախսերի շրջանակում 2025 թվականին արդեն նախատեսել էին ապահովագրության առաջին փուլի մեկնարկը: «Պետք է ապահովեինք 218 մլրդի շրջանակներում: Սակայն ֆիսկալ տարածքի սահմանափակ լինելու հետ կապված՝ ապահովագրության հատվածը դուրս է եկել»,-ասաց նախարարը: 
Ավանեսյանը, անդրադառնալով պատգամավորների հարցերին, վստահեցրեց, որ կառավարությունն ունի կոնսենսուս ապահովագրության համապարփակ համակարգի ձևի, փուլերի առումով, դեռ 2023 թվականի փետրվարին կառավարության կողմից այն հաստատվել է: «Այս ամբողջ տարվա ընթացքում աշխատանքները շարունակվել են։ Այս աշխատանքները նաև ԱԺ-ի գործընկերների հետ միացյալ են տարվում:

Մեր ընկալումն այն է, որ մենք որևէ պահի չպետք է հապաղենք, պետք է շարունակենք և օրենսդրական փաթեթն ընդունենք: Ըստ ընդունման ժամկետի՝ արդեն փուլայնության ժամկետի մասին կարող ենք որոշակի պատկերացում ունենալ: Այսպես մենք իրականացնելու ենք մեր քաղաքական խոստումը, քայլերով գնում ենք առաջ, ֆինանսավորման հատվածն էլ՝ ըստ Հայաստանի ֆիսկալ հնարավորությունների, պետք է կարողանանք ապահովել ու փուլայնությամբ այդ հարցը լուծել»,–ասաց Ավանեսյանը: 

Հայաստանում առողջության համապարփակ ապահովագրությունը նախատեսվում էր ներդնել, ըստ էության, 2024 թվականից: Նախատեսվում էր տարվա երկրորդ կեսին ունենալ առողջության համապարփակ ապահովագրության հիմնադրամ, որը կիրականացներ պետության կողմից ամբողջությամբ սուբսիդավորվող բնակչության խմբերի ապահովագրությունը։ Նախատեսվում էր, որ 2024-ին առաջին փուլով համակարգում կընդգրկվեին մինչև 18 տարեկան երեխաները, հաշմանդամություն ունեցող անձինք, ընտանեկան նպաստի համակարգում հաշվառվածները և այլ պետական սոցիալական աջակցության համակարգում ներառված և ներկայումս պետական պատվերի շրջանակներում անվճար բուժօգնություն ստացող անձինք Արդեն 2025 թվականից պետք է ապահովագրվեին 63 և բարձր տարիքի անձինք, ինչպես նաև պետական հատվածի վարձու աշխատողները։ Ըստ նախատեսածի՝ 2026 թվականին պետք է ապահովագրվեին բոլոր վարձու աշխատողները, ինքնազբաղված անձինք, գյուղացիական տնտեսություններում զբաղվածները, իսկ 2027 թվականից նրանք կարող էին ապահովագրել նաև իրենց փոխկապված անձանց՝ ընտանիքի անդամներին, որոնք ներառված չեն լինի որևէ խմբում։ 

Տեսանյութեր

Լրահոս