Հայկական ատոմակայանի` փոխարինման ենթակա սարքավորումները ձեռք կբերվեն առանց մրցույթի

ՀՀ կառավարությունը կթույլատրի ՀԱԷԿ-ին առանց մրցույթի գնել սարքավորումներ, որոնք առանձնահատուկ նշանակություն ունեն կայանի համար։ Որոշումն ընդունվեց գործադիր մարմնի այսօրվա նիստում։

Այս որոշմամբ կպարզեցվեն կայանի շահագործման ժամկետի 2-րդ երկարաձգման աշխատանքները։ Փոխարինման ենթակա սարքավորումների մի մասը եզակի է, քանի որ ժամանակին դրանք ստեղծել են կոնկրետ ձեռնարկություններ՝ հատուկ Հայկական ԱԷԿ-ի համար:

«Նախագծի ընդունումը ՀԱԷԿ-ին հնարավորություն կտա շահագործման ժամկետի երկարացման և ընթացիկ կարիքների համար անհրաժեշտ գնման գործընթացներն իրականացնել մասնագիտացված, փորձառու կազմակերպություններից՝ սահմանված ժամկետներում և նշված տեխնիկական բնութագրով»,- ասված է որոշման մեջ:

Եթե «Պետական գնումների մասին» ՀՀ օրենքով հայտարարվի մրցույթ և ընտրվի այլ մատակարար, ապա սարքավորումների փոխարինումը պետք է համաձայնեցվի վերահսկիչ մարմինների, մասնավորապես Հայաստանի միջուկային անվտանգության պետական կոմիտեի հետ: Այս գործընթացները կարող են ձգձգել ԱԷԿ-ի սարքավորումների փոխարինման աշխատանքները:

Այդ իսկ պատճառով այդ սարքավորումներն առանց մրցույթի կգնվեն սկզբնական արտադրողից:

Հիշեցնենք, որ Մեծամորի ԱԷԿ-ի շահագործման նախագծային ժամկետը լրացել է 2016 թվականին, սակայն արդիականացման և վերազինման լայնածավալ աշխատանքների շնորհիվ այն երկարացվել է մինչև 2026 թվականը: Վերազինման աշխատանքները իրականացվում են «Ռոսատոմ» ընկերության մասնակցությամբ։

Տեսանյութեր

Լրահոս