Volkswagen-ի և BMW-ի աշխատակիցները Գերմանիայում գործադուլ են անցկացնում
Գերմանիայում սկսվել են մետալուրգիական և էլեկտրատեխնիկական արդյունաբերության աշխատողների գործադուլները․ նրանց հետ միասին գործադուլ են անում նաև Volkswagen (VW) և BMW ավտոկոնցեռնների աշխատակիցները։ Այս մասին տեղեկանում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունից։
«Լույս հոկտեմբերի 29-ի գիշերը IG Metall արհմիությունն սկսել է բողոքի ցույցերի առաջին ալիքը Գերմանիայի մետալուրգիական և էլեկտրական արդյունաբերության ոլորտում։ Դրանց մասնակցում են նաև VW և BMW ավտոարտադրողների աշխատողները։ Օրվա ընթացքում ամբողջ Գերմանիայում աշխատանքը կդադարեցվի», – հայտնել է արհմիությունը։
IG Metall-ի տվյալներով՝ Օսնաբրյուկում նախազգուշական գործադուլին մասնակցում է փակման սպառնալիքի տակ հայտնված Volkswagen գործարանի 250 աշխատակից։ Ռեգենսբուրգում BMW գործարանի առջև նույնպես հավաքվել են աշխատակիցները՝ պաստառներով։ Գործադուլ է նախատեսվում նաև Ինգոլշտադտի Audi գործարանում։
Գործատուների հետ բանակցությունների ընթացիկ փուլի գլխավոր պահանջը աշխատավարձի 7 %-ով բարձրացումն է, ինչպես նաև վերապատրաստվողների վարձավճարի բարձրացումը 170 եվրոյով։ Արհմիությունը նման միջոցների անհրաժեշտությունը բացատրում է գնաճով։
VW-ի արտադրական խորհրդի ղեկավար Դանիելա Կավալոն ավելի վաղ հայտնել էր, որ կոնցեռնը մտադիր է խնայողություն անելու նպատակով առնվազն երեք գործարան փակել Գերմանիայում և դրանով իսկ կրճատել տասնյակ հազարավոր աշխատատեղեր:
Գերմանիայում շուրջ 120 000 մարդ է աշխատում է ընկերության տասը գործարաններում։ Կոնցեռնում խնայողության կոշտ միջոցների կողմնակիցները ցանկանում են կրճատել մինչև 30 000 աշխատակցի։
Ի պատասխան այս պլանների՝ Volkswagen-ի աշխատակիցներին ներկայացնող արհմիությունները սպառնացել են գործադուլներով: