Էրդողանը շնորհավորել է Կոբախիձեին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շնորհավորել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեին ընտրություններում «Վրացական երազանք» կուսակցության հաղթանակի կապակցությամբ։ Այս մասին գրում է aliq.ge-ն։
Ռեջեփ Թայիփ Էրդողանի գնահատմամբ՝ «վրաց ժողովրդի կամքը բացահայտած ընտրություններն անցել են խաղաղ ու անվտանգ միջավայրում»։
«Սրտանց շնորհավորում եմ 2024 թվականի հոկտեմբերի 26-ին կայացած խորհրդարանական ընտրություններում Ձեր ղեկավարությամբ «Վրացական երազանք» կուսակցության հաղթանակն ու առաջնայնությունը։ Հուսով եմ, ընտրությունների արդյունքները հաջողություն կբերեն Վրաստանի ժողովրդին և մեր տարածաշրջանին։
Լավ է, որ ընտրությունները, որոնք բացահայտեցին վրաց ժողովրդի կամքը, անցան խաղաղ ու անվտանգ միջավայրում։ Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ ևս մեկ անգամ մաղթել Ձեզ առողջություն և երջանկություն, իսկ Վրաստանի բարեկամ ժողովրդին՝ բարօրություն և երջանկություն», — նշել է Թուրքիայի նախագահը։
Վրաստանի վարչապետին շնորհավորել են Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ընտրություններից գոհ են նաև Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաները:
Նշենք. վրաստանյան չորս ընդդիմադիր ուժերը՝ «Վրաստանի համար» կուսակցությունը, «Կոալիցիա փոփոխությունների համար» միավորումը, «Միասնություն — Ազգային շարժում» կոալիցիան և «Ուժեղ Վրաստան» կոալիցիան, չեն ընդունել ընտրութունների արդյունքները և հրաժարվել են խորհրդարանական մանդատներից:
Հոկտեմբերի 26-ին կայացած խորհրդարանական ընտրությունների նախնական պաշտոնական արդյունքներով` առաջին տեղում է իշխող «Վրացական երազանք»-ը՝ 53,931 տոկոսից ավելի ձայներով։ 5 տոկոսի շեմը հաղթահարել են չորս ընդդիմադիր քաղաքական միավորումներ. «Կոալիցիա փոփոխությունների համար»՝ 11,035 տոկոս, «Միասնություն-Ազգային շարժում»՝ 10,167 տոկոս, «Ուժեղ Վրաստան»՝ 8,81 տոկոս, «Վրաստանի համար»՝ 7,768 տոկոս:
Ընդդիմադիր կուսակցություններն ու Վրաստանի նախագահը չեն ճանաչել խորհրդարանական ընտրությունների արդյունքները։ Հոկտեմբերի 28-ին Ռուսթավելիի պողոտայում նրանք ցույց են արել: Ընդդիմությունը նոր ընտրություններ է պահանջել, Զուրաբիշվիլին երդվել է մինչև վերջ ժողովրդի կողքին մնալ: Փորձագետներն ասում են՝ ընտրությունների ճակատագիրը որոշվել է ընտրություններից շատ առաջ:
Դիտորդական կազմակերպությունների տվյալներով՝ ընտրությունների օրը և նախընտրական շրջանում նկատվել են քվեաթերթիկների լցոնման դեպքեր, «կարուսել», մատնանշման, քվեարկության գաղտնիության խախտումներ և այլն:
Միջազգային հանրության, արևմտյան գործընկերներ գործընկերների հիմնական կոչն է՝ ուսումնասիրել ընտրախախտումները։
Անցկացված ընտրությունների վերաբերյալ նախնական գնահատականներ են տվել նաև ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը։ Նրանց գնահատմամբ՝ ընտրությունների օրը եղել են խախտումներ, հաճախ խախտվել է քվեարկության գաղտնիությունը, եղել են նաև ընթացակարգային անհամատեղելիություններ։