Միջամտե՞լ է արդյոք Ռուսաստանը վրաստանյան ընտրություններին. CNN-ի լրագրողը՝ Զուրաբիշվիլիին

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին CNN-ին տված հարցազրույցում խոսել է հոկտեմբերի 26-ի ընտրությունների ընթացքում նկատված խախտումների ու արդյունքների կեղծման մասին։

Սալոմե Զուրաբիշվիլին ասել է, որ իշխող կուսակցության պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլին պաշտպանում է միայն իր շահերը, իսկ իր կուսակցությունը միտումնավոր սաբոտաժ է անում եվրաինտեգրումը։

Լրագրողի հարցին` միջամտե՞լ է արդյոք Ռուսաստանը վրաստանյան ընտրություններին, նա պատասխանել է.

«Վրաստանի բնակչության 70 տոկոսը պաշտպանում է եվրոպական ուղին և եվրաինտեգրումը, և հանկարծ ամեն ինչ փոխվեց ընտրություններում։ Փաստն այն է, որ այս ընտրություններում կիրառվել են բոլոր տեսակի կեղծման մեթոդները, հատկապես էլեկտրոնային քվեարկության նոր համակարգով, որտեղ ապացուցվել է, որ նույն մարդկանց նույնականացման քարտերն օգտագործվել են յոթ անգամ, տասն անգամ, տասնյոթ անգամ։ Մենք նախկինում էլ Վրաստանում տեսել ենք խախտումներ, բայց այս մասշտաբի խախտումներն աննախադեպ են»,- ասել է նախագահը:

Զուրաբիշվիլին նշել է, որ «Վրացական երազանք»-ի ձեռնարկած բոլոր քայլերն ուղղված են Եվրամիության հանձնարարականների իրականացման դեմ։

««Վրացական երազանք»-ն անընդհատ փորձում է բազմաթիվ հարցերում համահունչ լինել ռուսական քարոզչությանը, իսկ Մոսկվայում ձգտում են, որ Վրաստանը չգնա եվրոպական ճանապարհով։ Մենք թեկնածուի կարգավիճակ ստացանք անցած դեկտեմբերին, մոտ էինք բանակցությունների մեկնարկին, և դա է անհանգստացնում Մոսկվային»,- ասել է նախագահը:

Տեսանյութեր

Լրահոս