
Թուրքիան ուշադիր հետևում է հայ-ադրբեջանական բանակցություններին. Էրդողան

Հոկտեմբերի 28-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կառավարության նիստից հետո հանդես է եկել հայտարարություններով: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Անդրադառնալով հոկտեմբերի 18-ին Ստամբուլում կայացած Տարածաշրջանային համագործակցության հարթակի շրջանակներում Ադրբեջանի, Հայաստանի, Իրանի և Ռուսաստանի արտգործնախարարների ընդունելությանը, Էրդողանն ասել է.
«Նկատում ենք, որ հարթակը, որը «տարածաշրջանին տեր կանգնելու» (regional ownership) մեր ըմբռնման ամենահստակ օրինակներից է, բավարարում է կարևոր մի կարիք: Առաջիկա ժամանակահատվածում մենք ցանկանում ենք այս մեխանիզմը ինստիտուցիոնալ կառուցվածքի վերածել»:
Խոսելով Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծած 44-օրյա պատերզամին, նա հայտարարել է, որ դրանից հետո Հարավային Կովկասում մշտական խաղաղությանն ուղղված բացառիկ հնարավորություն է ստեղծվել:
Այս համատեքստում Էրդողանը մեղադրել է Հայաստանին իբր նախկինում ադրբեջանական հողերի «օկուպացման» մեջ, միևնույն ժամանակ նշելով, որ որպես Թուրքիան շարունակելու են աջակցել խաղաղության հաստատմանը՝ «ադրբեջանցի եղբյարների հետ համակարգմամբ»:
«Մենք մոտիկից հետևում ենք Ադրբեջանի և Հայաստանի անկեղծ ջանքերին այս ուղղությամբ: Մեր ցանկությունն է ստանալ ուրախալի և բարի լուրեր հնարավորինս շուտ՝ առանց հնարավորություն տալու գործընթացը խափանել փորձող ուժերին»,-հավելել է նա: