
Պուտինը միգրանտների կեղծ ամուսնությունների դեմ պայքարի մասին օրենք է ստորագրել

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն օրենք է ստորագրել օտարերկրացիների հետ ֆիկտիվ ամուսնությունների դեմ։
Ըստ նոր օրենքի՝ այժմ ժամանակավոր կացության թույլտվություն ստանալու համար օտարերկրացին պետք է ամուսնացած լինի Ռուսաստանի Դաշնության քաղաքացու հետ առնվազն երեք տարի:
Պարզեցված կարգով կացության թույլտվություն ստանալու իրավունք է տրվում է օտարերկրյա քաղաքացուն, ով երեխա ունի, ամուսնացած է ՌԴ քաղաքացու հետ և մշտապես բնակվում է Ռուսաստանում՝ պայմանով, որ օտարերկրյա քաղաքացու երեխայի մոր (հոր) հետ Ռուսաստանի Դաշնության տարածքում համատեղ ապրելու փաստը հաստատված է դատարանում բնակության թույլտվություն ստանալու օրվանից առնվազն երեք տարի առաջ:
Օրենքն ուղղված է միգրացիոն օրենսդրության բարելավմանը` Ռուսաստանի Դաշնության տարածքում օտարերկրյա քաղաքացիների կամ քաղաքացիություն չունեցող անձանց կողմից ապօրինի կերպով միգրացիոն կարգավիճակ ստանալու նպատակով ֆիկտիվ ամուսնությունների և հայրության ֆիկտիվ հաստատման օգտագործումը վերացնելու առումով:
Օրենքով առաջարկվում է չեղյալ համարել ժամանակավոր կացության և կացության թույլտվությունը, եթե դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռը վերացնում է օտարերկրյա քաղաքացու որդեգրումը կամ համապատասխան երեխայի նկատմամբ օտարերկրյա քաղաքացու հայրությունը հաստատող ակտի գրառումը. ինչպես նաև այն դեպքում, երբ դատարանն անվավեր է ճանաչում Ռուսաստանի Դաշնության քաղաքացու հետ ամուսնությունը, որը հիմք է հանդիսացել համապատասխան թույլտվություն ստանալու համար, նշված է օրինագծի բացատրական գրության մեջ: