«ՀՀ իշխանությունների ոչնչություն լինելը սկսել են գիտակցել նաև Ադրբեջանում. Փաշինյանն Ադրբեջանի պահանջով հանրաքվե է անցկացնելու». Արմինե Ադիբեկյան

«Հայաստանի իշխանությունների ոչնչություն լինելը սկսել են գիտակցել նաև ադրբեջանցիները, որովհետև նրանք ասում են՝ Փաշինյանի հետ պայմանավորվելու բան չունենք, մեզ պետք է պայմանավորվել Հայաստանի հետ, Հայաստանի ժողովրդի հետ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Ադրբեջանի հարցերով փորձագետ Արմինե Ադիբեկյանը:

«6 տարի շարունակ Հայաստանում տարանջատվում են Փաշինյանը, ՔՊ-ն և Հայաստանի Հանրապետությունը: Հայաստանը մի բան է, ՔՊ-ն, Փաշինյանը և նրա մերձավորները՝ լրիվ ուրիշ բան, դա արդեն գիտակցում են նաև ադրբեջանցիները: Դա ենթադրում է, որ Փաշինյանն Ադրբեջանի պահանջով անց է կացնելու հանրաքվե և կեղծիքներով, պարտադրանքով, շանտաժով և բռնի ուժով նվիրելու է Ադրբեջանին այն պատասխանը, որն Ադրբեջանն այսօր պահանջում է»,- նշեց նա:

Արմինե Ադիբեկյանի կարծիքով՝ Ադրբեջանը Փաշինյանին հանրաքվե է պարտադրելու, որովհետև դրա մասին բացեիբաց խոսում են Ադրբեջանի բոլոր մակարդակի պաշտոնյաները:

«Հանրաքվե անցկացնեն-չանցկացնեն՝ պատերազմ լինելու է: Ադրբեջանն ունի իր տեսլականը, ծրագիրը, որն իրականացնելու է, պարզապես հանրաքվեի, մնացած բոլոր զիջողական դիրքորոշումների հետևանքով կխնայի ռազմական ծախսերը անգամներ: Մի բան է՝ Երևանի վրա հարձակվի Աբովյանից, մի բան է՝ Մեղրիից, դա լրացուցիչ ծախս է, իսկ այսօր Ադրբեջանն այդքան էլ հարուստ չէ, ինչպես փորձում է ցույց տալ, որովհետև նա ահռելի գումարներ է հիմա ծախսում Արցախի վրա, ռազմական ենթակառուցվածքների վրա, նա ունի իր ծրագիրը՝ «Մեծ վերադարձ», որի վրա հսկայական գումարներ է ծախսում, և ուզում է ընդամենը խնայել իր միջոցները, անվճար ստանալ այն, ինչ հնարավոր է, իսկ մնացածը՝ արդեն ռազմական ճանապարհով»,- ընդգծեց Ադրբեջանի հարցերով փորձագետը:

Կարդացեք նաև

Արցախի վերաբերյալ գործող իշխանությունների, իսկ վերջին օրերին՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների վերաբերյալ նա նշեց, որ գործող իշխանություններն իրենց դիրքորոշումը փոխում են, որովհետև դա այսօրվա իրենց ստեղծած իրավիճակի պահանջն է:

«Ուրիշ հարց, որ Սիմոնյանն իր տգիտության և սահմանափակության հետևանքով զուրկ է ցանկացած ռեֆլեքսիայից և չի հետևում իր խոսքերին, այսինքն՝ երբ պետք է՝ մի բան է ասում, երբ պետք է՝ ուրիշ բան է ասում, երբ պետք է՝ երրորդ բանն է անում: Դա տիպիկ վարքագիծ է, որին հետևում են ՔՊ-ական բոլոր պատգամավորները: Եթե մենք հետևենք նրանց խոսքերին մինչև 2018 թվականը, երբ նրանք խիստ ընդդիմադիր և արդարության զինվորներն էին, 2018 թվականից հետո նրանց խոսքերին և վարքին, 2020 թվականից հետո նրանց խոսքերին և վարքին, դրանք իրարամերժ պնդումներ են: Այդ ամենի հետևանքով մենք ունենք այն արդյունքը, որն ունենք, հետևաբար, նրա խոսքը ոչ մի լրացուցիչ հետևանքի չի բերի, որովհետև մենք արդեն այդ հետևանքի մեջ ենք: Նրա խոսքը բխում է ստեղծված հետևանքներից»,- ասաց Ադիբեկյանը:

Արցախի հարցում Արևմուտքի ակտիվությունը նա բացատրում է Ռուսաստանի ակտիվությամբ.

«Այս տարածաշրջանում բոլոր գերտերություններն ուզում են ներկայացված լինել, քանի որ ՌԴ-ն արդեն սկսել է առաջ մղել, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» գաղափարը և շատ ակտիվ առնվազն քաղաքական և դիվանագիտական ներդրումներ ունի, Ադրբեջանի հետ գրեթե պայմանավորվել են, Հայաստանին գրեթե պարտադրել են, բնական է, որ Արևմուտքն այս ամենի մեջ ուզում է իր փայն ունենալ»:

Դիտարկմանը՝ Մարիա Զախարովան ասել էր, որ Ռուսաստանը «Զանգեզուրի միջանցք» տերմին չի օգտագործում, նա արձագանքեց. «Սուտ է ասում, ասեմ ավելին՝ այդ բառակապակցությունն օգտագործել է՝ կպցնելով այն նոյեմբերի 9-ի հայտարարությանը»:

Հարցին՝ ՌԴ ակտիվացմա՞մբ է պայմանավորում ԱՄՆ նախագահի թեկնածուների հայտարարություններն Արցախի հարցի, Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների վերադարձի վերաբերյալ, նա պատասխանեց. «Գիտե՞ք ինչ, Արևմուտքը՝ ի տարբերություն Ռուսաստանի, փորձում է բալանսավորել իր ցինիզմը և տնտեսական, նյութական շահերը՝ բարոյական սկզբունքների հետ: Այսինքն՝ մենք ոչ միայն ագահ ենք և ուզում ենք ձեր հաշվին հարստանալ, այլ նաև պահպանում ենք բարոյականության սկզբունքները: Բարոյականությունը հուշում է, որ հայկական կողմն էլ պետք է ինչ-որ դիվիդենտ ստանա: Դա՝ խոսքի մակարդակով:

Գործի մակարդակով տեսնում ենք, որ բացարձակապես բարոյականության գործոնը գրեթե չեզոքացված է, այսինքն՝ նրանք փափուկ բարձ են դնում հայերի գլխի տակ, որը պրակտիկ ոլորտում երբևիցե չի իրականանալու: Դրան ի ապացույց՝ մենք ունենք Հաագայի դատարանի որոշում, հազար ու մի մակարդակով հնչեցված հորդորներ, պահանջներ, բանաձևեր, որոնք պրակտիկ ոլորտում չեն կիրառվել և չեն էլ կիրառվելու, որովհետև նույն Արևմուտքը, որն իրեն ուզում է ցույց տալ նաև որպես բարոյականության սատարող, հետևողական չի իր սեփական պահանջների, դատավճիռների և բանաձևերի կատարմանը»:

Հարցի պատասխանը շարունակելով՝ նա հիշեցրեց՝ ԱՄՆ ընտրություններից առաջ թեկնածուները հիշատակում էին Հայոց ցեղասպանությունը, հիմա դրան գումարվել է նաև Արցախի 120 հազար հայության ճակատագիրը.

«ԱՄՆ նախագահի թեկնածուները դրանով փորձում են Ամերիկայի հայ համայնքի քվեները ստանալ: Դա հասարակ առևտուր է, որը կրկին բարոյականից հեռու է: Մենք ականատես ենք, ինչպես են հերթական անգամ բարոյականության շղարշի տակ վաճառում հայերի շահերը և առևտուր անում հայերի ձայների հետ: Դա ընդամենը քայլ է, որը բացարձակապես ոչ մի ռեալ արդյունքի չի բերելու:

Եթե Թրամփը դառնա նախագահ, կրկին չի հիշատակելու 120.000 արցախցի հայերին՝ մինչև մյուս ընտրություններ: Նույնը Քամալա Հարիսի պարագայում: Այստեղ պայքարը գնում է ընդամենը Ամերիկայում ապրող հայերի ձայների համար՝ դրան փոխանցելով ինչ-որ բարոյականության տեսք, իբր նրանք մտահոգված են: Հայերը մեկ տարի առաջ վտարվել են իրենց տներից, մեկ տարի սովի մատնված են եղել, ու ես չեմ հիշում, որ Քամալա Հարիսը կամ Թրամփը մտահոգություն հայտնեն այդ հարցի շուրջ կամ առավել ևս՝ ինչ-որ գործնական քայլերի դիմեն»:

Տեսանյութեր

Լրահոս