«Մենք չենք հրաժարվում, չենք պայքարում դոլարի դեմ, բայց եթե մեզ թույլ չեն տալիս աշխատել դրա հետ, դե ի՞նչ արած». Պուտին

ԲՐԻԿՍ–ի գագաթնաժողովի ընդլայնված կազմով նիստում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը համաձայնել է ԲՐԻԿՍ զարգացման նոր բանկի ղեկավար Դիլմա Ռուսեֆի հետ, որը նշել է, որ դոլարն օգտագործվում է որպես զենք:

«Այո՛, իսկապես, մենք տեսնում ենք, որ իրականում դա այդպես է, կարծում եմ, որ դա մեծ սխալ է նրանց համար, ովքեր դա անում են, քանի որ դոլարի օգտագործումը, որը մինչ այժմ հանդիսանում է համաշխարհային ֆինանսների կարևորագույն գործիք, որպես քաղաքական նպատակներին հասնելու միջոց, խաթարում է այդ արժույթի նկատմամբ վստահությունը և նվազեցնում դրա հնարավորությունները: Բայց դա մենք չենք անում, այլ ուրիշ մարդիկ։ Իսկ մենք չենք հրաժարվում, չենք պայքարում դոլարի դեմ, բայց եթե մեզ թույլ չեն տալիս աշխատել դրա հետ, դե ի՞նչ արած։ Մենք այդ ժամանակ ստիպված ենք այլընտրանքներ փնտրել, ինչն էլ տեղի է ունենում», – ասել Է Պուտինը։

Նա նշել է, որ միավորման երկրները ձգտում են համագործակցության, բայց պետք է հասկանան, որ որքան երկար ապրենք և աշխատենք ուրիշների կանոններով ու այլ հարթակներում, այնքան երկար կտևի այդ անցումը դեպի նոր և ավելի արդար տնտեսական և ֆինանսական համակարգ:

ԲՐԻԿՍ-ի նիստում Իրանի նախագահ Մասուդ Պեզեշքիանն էլ նշել է համաշխարհային տնտեսության մեջ դոլարի դերը նվազեցնելու կարևորությունը:

Հիշեցնենք, որ այժմ ԲՐԻԿՍ–ի կազմում ընդգրկված է 9 երկիր՝ Բրազիլիան, Եգիպտոսը, Հնդկաստանը, Իրանը, Չինաստանը, ԱՄԷ–ն, Ռուսաստանը, Եթովպիան, Հարավային Աֆրիկան:

Տեսանյութեր

Լրահոս