Էդմոն Մարուքյան քաղաքական գործիչ այլևս գոյություն չունի, կա Նիկոլ Փաշինյանի հատուկ հանձնարարություններով դեսպան, որը նախկինում հաստիքային էր, հիմա՝ արտահաստիքային. Մամիջանյան

ԱԺ նախկին պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն այսօր խորհրդարանական ընդդիմությանը մեղադրել էր աշխատավարձ ստանալու, գործուղումների մեկնելու, սակայն ոչինչ չանելու մեջ՝ հորդորելով վայր դնել պատգամավորական մանդատները։

«Եթե հրաժարվեն իրենց մանդատներից, Նիկոլ Փաշինյանը կտանի ընտրությունների, տեղի կունենան նոր ընտրություններ, այսինքն՝ ռեստարտ կլինի այս երկիրը և դուրս կգա այս խայտառակ մղձավանջից»,-ասել էր Մարուքյանը։

Aysor.am-ի հետ զրույցում ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն ասաց, թե իր պատասխանը պետք է ընկալել ոչ թե արձագանք Էդմոն Մարուքյանին, այլ՝ բացատրություն քաղաքացիներին, որոնց կարծիքը ամենակարևորն է։

«Մանդատները դնելու մասին բազմիցս եմ խոսել, կրկնեմ ևս մեկ անգամ․ մեզ համար մանդատներն ընդամենը գործիք են մեր պայքարի համար, և «Պատիվ ունեմ» խմբակցությունը որևէ խնդիր չունի դրանցից հրաժարվելու այն պահին, այն պայմաններում, երբ դա, որպես գործիք, կլինի արդյունավետ:

Մնացած ժամանակահատվածը, ինչպես և ի սկզբանե հայտարարել էինք նոր ձևավորվող խորհրդարանի մասին, մեզ համար սա ընդամենը գործիք է իշխանափոխության հասնելու համար»,- ասաց Մամիջանյանը։

Ինչ վերաբերում է գործողումներին, «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարն ասաց, թե դրանց մասնակցում են պարզ պատճառով. համարում են, որ ՀՀ քաղաքացիների իրական տեսակետներն ու և դիրքորոշումներն անհրաժեշտ է ներկայացնել միջազգային հարթակներում.

«Մենք հարգում ենք մեր երկրի քաղաքացուն և համարում ենք, որ իրենց ձայնը պիտի լսելի լինի, և աշխարհը չպիտի լսի բացառապես կապիտուլյանտական բարբաջանքը, որը որևէ կապ չունի մեր երկրի քաղաքացիների նվիրական իղձերի, ցանկությունների և երազանքների հետ»։

Պատգամավորի գնահատմամբ՝ նույնիսկ եթե երկու ընդդիմադիր խմբակցությունները ողջ կազմով մանդատները վայր դնեն, դա չի ենթադրում խորհրդարանի լուծարում:

«Մեր սահմանադրության մեջ խորհրդարանի լուծարման երկու դեպք է նախատեսված, այն է՝ վարչապետի չընտրվել և կառավարության ծրագրի չհաստատել, որոնք մեծ հաշվով նույն հասկացությունն են: Ուրիշ որևէ հիմքով խորհրդարանի լուծարման հնարավորություն չկա։

Ինչ վերաբերում է «քաղաքական ճգնաժամ» ասվածին, ապա «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավարը և տարբեր պատգամավորներ բազմիցս հայտարարել են, որ նույնիսկ եթե խորհրդարանը միակուսակցական է, այն կշարունակի աշխատանքը մինչև 2026 թվականը»,-ասաց պատգամավորը։

Բացի այդ, իրենք չեն պատրաստվում արտահերթ ընտրություններ անցկացնելը թողնել Փաշինյանի «հայեցողությանը և քմահաճույքին»։

«Այս ճանապարհով մենք մի անգամ արդեն անցել ենք 2021 թվականին, այն ժամանակ, երբ Էդմոն Մարուքյանը և իր գլխավորած երբեմն գոյություն ունեցող «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը խորհրդարանում էր։ Տեսանք, թե ինչ եղավ, տեսանք, թե այն ժամանակ Հանրապետականն ինչ դիրքորոշում ուներ և թե Հանրապետականի խորհուրդները չլսելն ինչ արդյունքների բերեց բոլորիս։

Եթե որևէ մեկն ակնկալում է, որ միջազգային հանրության ճնշման ներքո կլուծարվի խորհրդարանը, նույնպես սխալվում է։ Միջազգային հանրությունը և կազմակերպությունները տեսնում են, թե ինչպես է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրեթե մեկուկես տարի անցկացնում անազատության մեջ՝ լինելով միջազգային կառույցների կողմից ճանաչված քաղբանտարկյալ, և որևէ բան չի անում։ Տեսնում է Հայաստանում ոստիկանության կողմից խաղաղ ցուցարաների նկատմամբ անհամաչափ ուժի և հատուկ միջոցների կիրառումը և որևէ բան չի արձանագրում, չի հայտարարում: Տեսնում է բոլոր կամայականությունները դատաիրավական ոլորտում, ժողովրդավարության ոլորտում, և այսպես շարունակ, բայց որևէ շոշափելի արձագանք, բացի մի քանի հեղինակավոր զեկույցներից, որևէ այլ գործուն քայլ չի իրականացվում: Ես չեմ համարում, որ մենք պետք է լինենք այնքան նաիվ, որպեսզի ակնկալենք, որ Մարուքյանի նշած սցենարի պարագայում արդյունքն այլ կլինի»։

Ինչ վերաբերում է Մարուքյանի հորդորին, Հայկ Մամիջանյանն ասաց, որ քաղաքական գործընթացները հստակ ցույց են տվել, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցություն այլևս գոյություն չունի.

«Այն չի վայելում ՀՀ քաղաքացիների վստահությունը, հարգանքը, չի կարողացել վաստակել մեր քաղաքացիների քվեն։ Էդմոն Մարուքյան քաղաքական գործիչ այլևս գոյություն չունի, կա Նիկոլ Փաշինյանի հատուկ հանձնարարություններով դեսպան, որը նախկինում հաստիքային էր, հիմա՝ արտահաստիքային։ Դեսպան է աշխատում Փաշինյանի համար՝ ձևանալով ընդդիմություն»։

Տեսանյութեր

Լրահոս