ԱՄՆ քաղաքացու առևանգման վարույթով հինգ անձի վերաբերյալ նյութերն ուղարկվել են դատարան
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ավարտվել է սեպտեմբերի 4-ին ԱՄՆ քաղաքացի կնոջ առևանգման դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթից անջատված մասով նախաքննությունը:
Քննությամբ պարզվել և հիմնավորվել է, որ հանցագործությունը մանրակրկիտ ծրագրվել և իրականացվել է առանձնապես ծանր հանցագործություն կատարելու նպատակով ստեղծված հանցավոր կազմակերպության անդամների կողմից, ովքեր նպատակադրվել են շահադիտական դրդումներով և պահանջ ներկայացնելու նպատակով կազմակերպել վերոնշյալ կնոջ առևանգումը, որի իրագործման համար կատարել են դերաբաշխում, իսկ նախապատրաստական աշխատանքներն սկսել են իրականացնել 2024թ․ հունիսից սեպտեմբերն ընկած ժամանակահատվածում:
Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել հանցավոր խմբի անդամներից հինգի մասնակցության վերաբերյալ, որոնցից յուրաքանչյուրի գործողություններն անհատականացվել են և տրվել համարժեք իրավական գնահատականներ:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հանցագործությունը բացահայտվել է Ոստիկանության և ԱԱԾ-ի համապատասխան ստորաբաժանումների կողմից ձեռանարկված նպատակային միջոցառումների, իրավապահ մարմինների սերտ գործակցության, ինչպես նաև` քննիչների կողմից իրականացված ապացուցողական լայնածավալ և համակարգված գործողությունների արդյունքում:
Այսպես՝ քննությամբ փաստվել է, որ նախաքննությամբ դեռևս չպարզված անձի կողմից, ծանր հանցագործություն կատարելու նպատակով, ստեղծվել և ղեկավարվել է հանցավոր գործունեությամբ զբաղվող հանցավոր կազմակերպություն, որի անդամներից վերոհիշյալ հինգի և գործով դեռևս չպարզված անձանց անդամակցությամբ էլ, խմբի կազմում, կատարվել է ծանր հանցագործությունը, այն է՝ ինքնակամ յուրացնելով պաշտոնատար անձի կոչումն ու լիազորությունները և օգտագործելով համազգեստը, առևանգել են ԱՄՆ քաղաքացի հանդիսացող կնոջը:
Առևանգումն առանց խոչընդոտ իրականացնելու նպատակով, տեղեկացված լինելով վերջինիս ազգականի առողջական խնդիրներ ունենալու վերաբերյալ, խմբի անդամներից մեկը 2024 թվականի հունիսին նրա ամուսնուն առաջարկել է թոռան բուժումը կազմակերպել Հայաստանի Հանրապետությունում: Այդ կապակցությամբ, հիշյալ անձը հաղորդագրությամբ ուղարկել է հանցավոր կազմակերպության մեկ այլ մասնակցի հեռախոսահամարը՝ վստահեցնելով, որ վերջինս կկազմակերպի նրա ազգականի այցը համապատասխան բժշկին, սակայն կինը, հեռախոսազրույց ունենալով և չվստահելով, մերժել է հանդիպումը:
Ձախողելով կնոջ հետ հանդիպումը՝ հանցավոր կազմակերպության անդամները, հանցագործությունն առավել նպաստավոր պայմաններում կատարելու նպատակով, շարունակել են տեղեկություններ հավաքել նրա տեղաշարժի վերաբերյալ, պլանավորել հանցավոր կազմակերպության մասնակիցների դերաբաշխումը և գործառույթները:
Ըստ այդմ, հանցավոր կազմակերպության մասնակիցներից մեկը, ըստ նախապես որոշված դերաբախշման, 2024 թվականի հունիսին մեկնել է Վրաստանի Հանրապետություն և ձեռք բերել հանցագործության միջոց հանդիսացող՝ «BMW 550I» մակնիշի վրացական հաշվառման համարանիշի ավտոմեքենա, և նախապատրաստվող հանցագործության բացահայտումը խոչընդոտելու նպատակով հաջորդ օրը՝ հունիսի 29-ին, Վրաստանի քաղաքացու միջոցով, առևանգումն իրականացնելու նպատակով, Բագրատաշենի անցակետով փոխադրել է Հայաստան, որից րոպեներ առաջ, որպես հետիոտն, անձամբ մուտք է գործել Հայաստանի Հանրապետություն: Բացի այդ, քրեական վարույթով դեռևս չպարզված հանգամանքներում հանցավոր կազմակերպության մասնակիցները ձեռք են բերել հիշյալ ավտոմեքենայի գույնի և մոդելի, Հայաստանի Հանրապետությունում հաշվառված և շահագործվող «BMW» մակնիշի թվով երկու ավտոմեքենաների հաշվառման կեղծ համարանիշներ:
Փորձելով հնարավորինս քողարկել իրենց հանցավոր գործունեությունը՝ խմբի մեկ այլ անդամ նախապես մեկնել է Վրաստանի Հանրապետություն, այնտեղից ձեռք բերել վրացական բջջային հեռախոսահամարներ, գրանցվել Տելեգրամ և Whatsapp հավելվածներում, որոնց միջոցով էլ տուժողի ամուսնու հետ կապվել են, ուղարկելով նաև այլ անձի անվամբ՝ Ռուսաստանի Դաշնությունում բնակվող իրենց մտերիմին պատկանող կրիպտոդրամապանակի հաշվեհամարը՝ առևանգումից հետո պահանջված գումարը նշված հաշվեհամարին փոխանցելու նպատակով:
Նախապատրաստական աշխատանքների ընթացքում խմբի անդամները մեկնել են Տավուշի մարզ և ուսումնասիրել կազմակերպության անդամներից մեկին պատկանող շինությունը, որտեղ պետք է պահվեր առևանգված անձը, ինչպես նաև կատարել են գնումներ՝ առևանգված կնոջը պահելու ընթացքում վերջինիս և հսկողություն իրականացնող հանցավոր կազմակերպության մասնակցի համար:
Նախապատրաստական աշխատանքներն ավարտելուց հետո՝ դեպքի օրը, նախապես տեղեկանալով տուժողի գտնվելու վայրի մասին, 2024թ․ սեպտեմբերի 4-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, նախօրոք ձեռք բերված «BMW» մակնիշի ավտոմեքենայով այցելել են Աշտարակի խճուղում գործող լողավազան, որտեղ խաբեությամբ, դիտավորությամբ խեղաթյուրելով իրականությունը, ներկայացել են որպես ՀՀ ԱԱԾ աշխատակիցներ և անտեսելով տուժողի կամքը՝ վերջինիս իրենց կողմից վարվող հիշյալ ավտոմեքենայով տեղափոխել են Տավուշի մարզ՝ ճանապարհին փոխելով ավտոմեքենայի համարանիշները, հետագայում նաև՝ նշված ավտոմեքենան, որը հայտնաբերվել է Տավուշի մարզի Ոսկեպար համայնքում գտնվող հանդամիջյան հատվածում:
Կնոջը պահելով շինությունում, ձեռնաշղթայված վիճակում, վերջինիս ամուսնուց, անվնաս ազատ արձակելու դիմաց, պահանջել են 4.000.000 ԱՄՆ դոլար գումար:
Քննիչների, Ոստիկանության ծառայողների և ԱԱԾ աշխատակիցների ձեռնարկած համատեղ համակարգված միջոցառումների արդյունքում հաջորդ օրը՝ սեպտեմբերի 8-ին, առևանգված կինը հայտնաբերվել է և ազատ արձակվել:
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա հանցավոր կազմակերպության 5 անդամներին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 319-րդ հոդվածի 1-ին մասով և 458-րդ հոդվածի 1-ին մասով։ Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանք։
Վերջիններիս մասով նախաքննությունն ավարտվել է և վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան:
Միջոցեր են ձեռնարկվում՝ հանցավոր խմբում ընդգրկված մյուս անձանց ինքնությունը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ։
Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: