
Ազատան գյուղի վարչական տարածքում մեքենաներ են բախվել․ 9 վիրավորներից 5-ը երեխաներ են

Այսօր՝ հոկտեմբերի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամը 15:15-ի սահմաններում Գյումրի-Երևան ավտոճանապարհի 8-րդ կմ հատվածում՝ Ազատան գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել են «Mercedes» ու «Opel» մակնիշի ավտոմեքենաները։
Վթարի հետևանքով 9 հոգի, որից 5-ը երեխաներ են, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ։ Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները և ըստ նրանց հայտնածի՝ Գյումրու շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերն ու Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի պարեկները։
Վթարի փաստով Ախուրյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։