ՇՈՒՆՆ ու հողԱՏՈՒՆ

Շանս շատ էի կարոտում։ Բանտում հաճախ էի հիշում մի բուռ քյոմուր սև, շարժվող ու փափուկ բշտիկին, ում կալանքիցս 2 ամիս առաջ ընկերներիցս մեկը նվիրեց ինձ։

Կինս շոկի մեջ էր, «կամ ես, կամ շունը»` անհողդողդ ձայնով վերջնագիր ներկայացրեց ինձ, մինչ այդ, սակայն, բոլ-բոլ սիրելով մեր տանը անսպասելիորեն հայտնված, հազիվ քայլող, անվերջ նվնվացող և տան հատակին իր հեղուկ «հետքը» դրոշմած սևուկ փրչոտին։

Բայց դե, գիտեք, հանրապետականները «կամ-կամերը» չեն ընդունում և ոչ մի դրսևորման մեջ, ուստի, գործի դնելով իմ ողջ դիվանագիտական զինանոցը և հմայքը, մարդ ու կին հասանք այդքան բաղձալի «և-և-ին»։ Եվ շունիկը, ում անունը իր սև բրդոտության և իմ լատինասիրության պատճառով դրեցինք Կարբոն, մնաց մեզ հետ։

Երբ անցյալ տարի հունիսի 15-ին Նիկոլի անմիջական հրահանգով մի խումբ թիկնեղ և ֆուլլ զինված հատուկջոկատայիններ ինձ ձերբակալեցին, վերջին խոսքերս, որ գոռացի դարպասներից դուրս գալով, եղել են` «շանը չմոռանաք կերակրել»։

Ազատազրկման առաջին ամիսներին հարազատներիս տեսակցելու կամ իրենց հետ խոսելու իրավունք չունեի։ Հետո տնեցիք սկսեցին գալ, իսկ շունս շարունակում էր առանց ինձ տեսնելու մեծանալ։ Ի դեպ, երբ Նիկոլին վերջապես ճամփենք և սկսենք լուծել երկրի առաջնային հարցերը, կարելի է հետո մտածել մի օրենսդրական նախաձեռնության մասին, որպեսզի տնային կենդանիները, որոնք շատ-շատերի մոտ գրեթե ընտանիքի անդամ են դառնում, նույնպես կարողանան այցելել ազատազրկված անձանց։

Կինս պատմում էր, որ երբ բերդից տուն էի ուղարկում իմ օգտագործված անձնական իրերը և շորերը, Կարբոնը անդադար հոտոտում էր այդ տոպրակը և փորձում լպստել։

15 ամիսների ընթացքում շունս, ում ցեղատեսակը սկզբից դիտում էինք որպես գամփռ, բայց հետո պարզվեց, որ ալաբայ է, ապրում էր մերոնց հետ, մեծանում էր՝ անփոխարինելի ընկեր դառնալով և յուրահատուկ անտիսթրես ծառայելով իմ կալանավորման պատճառով ծանր ապրումները սքողող տղաներիս և կնոջս համար։

Խափանման միջոցի փոփոխության հաջորդ օրը ՔԿՀ ուղեկցողների հետ միասին հատեցինք տան դարպասների շեմը, որտեղ բակում ինձ դիմավորեց մի դըբռ շուն՝ մեծ գլխով և բամփ ու խռպոտ հաչոցով։ Հոգուս խորքում անհանգիստ, զգուշորեն մոտեցա շանս՝ ինքս ինձ հարցնելով` արդյո՞ք կճանաչի ինձ։ Դմբուլս կտրեց հաչոցը, մի քանի վայրկյան հոտոտեց ինձ, և, «Жди меня» հաղորդման հերոսների հուզմունքով, թքառատ լպստոցներով ու հրճվանքով ջանդակով մեկ թռավ վրաս։

Տնային կալանքի ռեժիմը ենթադրում է, որ քանի որ տանն եմ և օրվա առաջին կեսը՝ միայնակ, պարտավոր եմ զբաղվել նաև տան հոգսերով, որոնց շարքում բակ ու ծառ ունենալու դեպքում առաջնային խնդիրներից մեկը ջրելն է։

Մի հին շորտիկ ու կիսամաշ կոշիկ գցելով վրաս, երկար շլանգով ծառերը ցողելը դարձել է օրվա կարևոր զբաղմունք, որը, սակայն, հունից հանում է շանս։

Այդ ամբողջ գործընթացի ընթացքում Կարբոնը ջղային, նյարդահաչ իրարանցման մեջ էր հայտնվում։ Սկզբից կարծում էի, թե իմ ձգելուց ոլորվող շլանգից է նեղվում, փորձում էի ավելի հանդարտ շարժվել, բայց չէր օգնում։ Շունս իրեն ճղում էր։ Հետո կարծեցի, թե ջրից է նեղվում, ու սկսեցի իրենից հեռու ջրել, որ նրան գեթ մեկ կաթիլ չդիպչի։ Դա էլ չէր օգնում. Կարբոնս Լևիտանի ձայնով ու Քոնոր ՄաքԳրեգորի պատվախնդրությամբ շարունակում էր բարկանալ։

Եվ ահա մի երեկո, երբ հերթական անգամ բակը ջրջրելուց հետո բաց թողեցի շանս ու որոշեցի մաքուր օդին սիգարետ ծխել, ականատես եղա մի արարողության, որը բացահայտեց շան շարունակվող սթրեսի արմատը։ Ազատություն ստանալուն պես Կարբոնը հերթով և խիստ կանոնակարգված շրջում էր բակում ու շատ կոնկրետ ծառերի, թփերի տակ հետևի թաթերից մեկը բարձրացնելով և ֆիզիոլոգիական ֆունկցիաների գործադրմամբ` իր կենսատարածքի, իր իշխանության, իր ներկայության դրոշմն էր դնում։

Փաստորեն, շունս ներվայնանում էր, երբ իմ ջրելու հետևանքով ջնջվում էր իր «դեմարկացիոն» նշանային համակարգը։ Կարբոնս փրփուրը բերանին պայքարում էր, որ իր տարածքը անխախտ մնա, որ ոչ մեկ, նույնիսկ ես, չոտնձգեմ իր պատասխանատվության տակ գտնվող տարածքի վրա։

Մտքումս զուգահեռներ անցկացրեցի, թե ինչպես է շունս կռիվ տալիս նրա համար, ինչ իրենն է, ինչպես է պատրաստ վերահաստատել իր ազդեցությունն իր արեալում, ինչպես է պաշտպանում իր օջախը նիկոլական խայտառակ զիջողականության, քայքայիչ անհայրենիքության, ստոր սահմանապղծության հետ։

Լավ, դժվա՞ր է դելիմիտացիա և դեմարկացիա իրականացնելիս առաջնորդվել գոնե Կարբոնի սկզբունքայնությամբ, տնասիրությամբ, հայրենատիրությամբ և համառությամբ։ Սահմանազատման և սահմանագծման ողջ խայտառակությունն ապացուցում է, որ, իրոք, Չալոն Նիկոլից ավելի սկզբունքային վարչապետ կլիներ…

Արմեն Աշոտյան
ՀՀԿ փոխնախագահ
«Ձորաղբյուր» ՏԿՀ

Տեսանյութեր

Լրահոս