CNN. ԱՄՆ-ն հետաքննում է Իրանին հարվածելու Իսրայելի ծրագրերի մասին գաղտնի տեղեկատվության արտահոսքը
ԱՄՆ-ն հետաքննում է Իրանի դեմ հակահարված տալու Իսրայելի ծրագրերի վերաբերյալ գաղտնի հետախուզական տվյալների արտահոսքը, հաղորդում է CNN-ը՝ հղում անելով սեփական աղբյուրներին։
Արտահոսքի փաստը «խորապես մտահոգիչ է», CNN-ին է հայտարարել ամերիկացի պաշտոնյան:
Հաղորդվում է, որ փաստաթղթերը, որոնք թվագրված են հոկտեմբերի 15-ով և 16-ով, սկսել են տարածվել համացանցում ուրբաթ օրը: Դրանք հրապարակվել են «Middle East Spectator» կոչվող Telegram ալիքում:
Փաստաթղթերը նշված են որպես «հույժ գաղտնի» և ունեն նշումներ, որոնք մատնանշում են, որ դրանք նախատեսված են միայն Միացյալ Նահանգներում և նրա հինգ դաշնակիցներ՝ Ավստրալիայում, Կանադայում, Նոր Զելանդիայում և Միացյալ Թագավորությունում դիտելու համար:
Հրապարակված փաստաթղթերը նկարագրում են այն նախապատրաստությունները, որոնք Իսրայելը, ըստ երևույթին, իրականացնում է Իրանին հարվածելու համար:
Փաստաթղթերից մեկում, որը, ինչպես պնդում են, կազմել է Աշխարհատարածական-հետախուզական ազգային գործակալությունը, ասվում է, որ ծրագրերում ներառված է իսրայելական զինամթերքի տեղափոխումը:
Մեկ այլ փաստաթղթում ասվում է, որ այն ձեռք է բերվել Ազգային անվտանգության գործակալության կողմից և նկարագրվում են Իսրայելի ռազմաօդային ուժերի զորավարժությունները՝ «օդ-երկիր» դասի հրթիռների օգտագործմամաբ, որոնք նույնպես, ենթադրաբար, անցկացվում են Իրանի դեմ հարվածի նախապատրաստման շրջանակում:
Փաստաթղթերից մեկում նշվում է նաև, որ Իսրայելը միշտ հրաժարվել է հրապարակայնորեն հաստատել, որ երկիրը միջուկային զենք ունի։ Փաստաթղթում ասվում է, որ ԱՄՆ-ն որևէ նշան չի տեսել, որ Իսրայելը մտադիր է միջուկային զենք կիրառել Իրանի դեմ:
Հեռուստաալիքի պաշտոնական աղբյուրը հայտնել է, որ հետաքննությունը պարզում է, թե ում է հասանելի եղել Պենտագոնի ենթադրյալ փաստաթուղթը։
«Եթե ճիշտ է, որ հոկտեմբերի 1-ին Իրանի հարձակմանը պատասխանելու իսրայելական մարտավարական ծրագրերի արտահոսք է տեղի ունեցել, ապա դա լուրջ խախտում է»,- հայտարարել է Մերձավոր Արևելքի հարցերով պաշտպանության նախարարի նախկին տեղակալ և ԿՀՎ պաշտոնաթող սպա Միք Մալրոյը:
Ըստ Մալրոյի, «ԱՄՆ-ի և Իսրայելի միջև ապագա համակարգումը կարող է կասկածի տակ դրվել: Վստահությունը հարաբերությունների կարևոր բաղադրիչն է, և կախված այն բանից, թե ինչպես է տեղեկատվությունը արտահոսել, այդ վստահությունը կարող է վնասվել»: