«Իշխանությունները բոլոր ճակատներով երկիրը տանում են աղետի». Տիգրան Աբրահամյան
«Մենք այս պահին կարող ենք արձանագրել այն ամենը, ինչը տեղ է գտել 44-օրյա պատերազմից հետո սկսված, այսպես կոչված, «խաղաղության պայմանագրի» շուրջ։ Երբ մենք ասում ենք՝ Խաղաղության պայմանագիր, մեր հասարակության մոտ տպավորություն է ստեղծվում, որ պայմանավորվածություն կամ բանակցություններ են՝ ի վերջո, հասնել երկու ժողովուրդների միջև խաղաղության»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
Ըստ ընդդիմադիր պատգամավորի, այն, ինչ քննարկվել է, և այն, ինչ այս ընթացքում իջեցվել է ՀՀ-ի գլխին, իրականում Հայաստանի կողմից անհամաչափ զիջումներ անելու և վերջնարդյունքում թուրք-ադրբեջանական տանդեմի ուղիղ կախյալ վիճակում հայտնվելու մասին է։
«Այս ամենն ադրբեջանական կողմի պահանջները կատարելու քայլեր են, որը բերելու է Հայաստանի բոլոր առումներով կախվածությանը, ինքնիշխանության կորստին և տարածքային ամբողջականության մեծ խոցելիությանը»,- հավելեց Տիգրան Աբրահամյանը։
Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ՝ «ամեն գնով հասնելու է խաղաղության պայմանագրի ստորագրմանը», Տիգրան Աբրահամյանն ասաց՝ Հայաստանի իշխանություններին, այդ թվում՝ իշխանական վերնախավի վերևում կանգնած անձի խոսքերին հղում անելն անշնորհակալ գործ է, որովհետև վերջին 6-6,5 տարիների ընթացքում հայ հասարակությունը բազմիցս ականատես է եղել ներկայացվող «սկզբունքային» հայտարարություններին, որոնք 1-2 տարվա ընթացքում կտրուկ փոխվել են։
«Դա սկսվում է Հայաստանի ապագային վերաբերող հայտարարություններից, խաղաղությունից, վերջացրած՝ Արցախի և Արցախի ապագային վերաբերող հարցերով։ Մի դեպքում այս իշխանությունը 2018 թվականից առաջնահերթ էր հռչակում Արցախի ինքնորոշման իրավունքը, իսկ 2 տարի անց Նիկոլ Փաշինյանը և նրա զինակիցները հայտարարում էին, որ Արցախն Ադրբեջան է։ Այս պահին այն, ինչ անում է այս իշխանությունը բոլոր ճակատներում՝ անվտանգության, արտաքին քաղաքականության, նաև ներքին քաղաքականության հետ կապված՝ տանում են ոչ միայն ՀՀ պետականության թուլացմանը, ստեղծում անբարենպաստ դաշտ, այլև ակնհայտ երկիրը տանում են անկման և աղետի ճանապարհով»,- եզրափակեց Տիգրան Աբրահամյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում