Սի Ծինփինը հայտարարել է, որ Չինաստանի և ԱՄՆ-ի հարաբերություններից է կախված մարդկության ապագան
Չինաստանի նախագահ Սի Ծինփինը հայտարարել է, որ չին-ամերիկյան հարաբերությունները կարևորագույններից մեկն են աշխարհում, և դրանցից է կախված երկու ժողովուրդների բարեկեցությունն ու ամբողջ մարդկության ապագան։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Չին-ամերիկյան հարաբերությունները կարևորագույն երկկողմ հարաբերություններից մեկն են աշխարհում, դրանք կապված են երկու ժողովուրդների բարեկեցության և մարդկության ապագա ճակատագրի հետ», – գրել է Չինաստանի ղեկավարն ամերիկա-չինական հարաբերությունների ազգային կոմիտեի ավանդական հանդիպման մասնակիցներին ուղղված ողջույնի խոսքում։
Չինաստանն, արձանագրել է նա, չին-ամերիկյան հարաբերությունները մշտապես կառուցել է փոխադարձ հարգանքի, խաղաղ գոյակցության և փոխշահավետ համագործակցության սկզբունքներին համապատասխան։
Սի Ծինփինը հավելել է, որ Պեկինը «միշտ համարել է, որ Չինաստանի և Միացյալ Նահանգների հաջողությունները հնարավորություններ են միմյանց համար, երկու երկրները պետք է օգնեն միմյանց զարգացման գործում և ոչ թե հակառակը»:
«Չինաստանը պատրաստ է լինելու ԱՄՆ-ի գործընկերն ու բարեկամը, դա օգուտ կբերի ոչ միայն երկու երկրներին, այլև ամբողջ աշխարհին», – ընդգծել է Չինաստանի նախագահը։
Ամերիկա-չինական հարաբերությունների ազգային կոմիտեն հիմնադրվել է ԱՄՆ-ում 1966 թվականին մի խումբ գիտնականների և քաղաքական, կրոնական գործիչների և գործարարների կողմից, որոնք շահագրգռված էին երկու երկրների միջև հարաբերությունների զարգացմամբ: