Ո՞ւր են հանցագործություններից տուժածների գումարները. Հարություն Ակլունց
Փաստաբանների պալատի նախագահի տեղակալ Հարություն Ակլունցն իր ֆեյսբուքյան էջում գրում է.«ՈՒ՞Ր ԵՆ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՏՈՒԺՈՂՆԵՐԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ
2021 թվականին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքով (59-րդ հոդվածի 6-րդ մաս, 128-րդ հոդվածի 5-րդ մաս) առաջին անգամ սահմանվեցին կարգավարումներ, որոնցով նախատեսվում է հանցագործություններից տուժողներին պատճառված վնասի փոխհատուցում պետության կողմից: Ընդ որում, այդ գումարները պետք է գոյանան տուգանք պատժատեսակի կիրառման արդյունքում հավաքարգրված գումարների հաշվին:
Ինչպես գիտեք՝ ներկայում տուգանք պատժատեսակը լայնորեն կիրառվում է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված անձանց կողմից վարելու գործերով: Ու այդ գումարը, կախված անձի եկամտից, կարող է կազմել մի քանի հարյուր հազարից մինչև միլիոն դրամներ:
Քրեական օրենսգիրքն ուժի մեջ է արդեն երկու տարուց ավելի:
Ուստի վերջերս հարցում էի կատարել Ֆինանսների նախարարություն պարզելու, թե քանի անձ է վճարել տուգանք, որքան գումար է հավաքագրվել, քանի տուժողի է փոխհատուցում տրվել և որքան:
Եվ ահա պարզվեց երկու տարում որևէ մեկին փոխհատուցում չի տրամադրվել: Ի հակառակ օրենքի պահանջի՝ նույնսիկ այդպիսի հնարավորություն չի նախատեսվել բյուջեով, և ավելին չի հաշվառվում հավաքված գումարները՝ ապագայում նման ծրագիր իրականացնելու համար: Մի խոսքով՝ օրենքի պահանջը կատարելու հույսեր էլ չկան:
Հ.Գ. իրավաբանական օգնության հարկը ավելացնելու օրենքի նախագծեր մշակելու փոխարեն Ֆինանսների նախարարությունը լավ կանի դեռ գործող օրենքների պահանջների կատարումն ապահովի, որ հանցագործություններից տուժողները կարողանան իրենց հասանելիք գումարները ստանալ»: