Ի՞նչ լուծումներ կան մեքենաների գողությունները կանխելու համար. Տիգրան Քեհյանի հարցը՝ նախարարին
Անհրաժեշտ է խստացնել ՀՀ օրենսդրությունը, որպեսզի հնարավոր լինի լուրջ պատիժներ սահմանել այն մարդկանց նկատմամբ, որոնք զբաղված են ավտոպահեստամասերի գողությամբ։ Այս մասին այսօր ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի հրավիրած խորհրդարանական լսումների ժամանակ ասաց ՀՀ ՆԳ նախարար Վահե Ղազարյանը։
Նշենք, որ «Վարորդի ընկեր» հասարակական կազմակերպության նախագահ Տիգրան Քեյանը հարց բարձրացրեց, որ մեքենաների գողությունը գնալով ավելի հաճախակի է դառնում։
«Դա պայմանավորված է նաև նրանով, որ Հայաստան առավել հաճախակի են ներկրվում վնասված մեքենաներ, որոնք հետագայում պետք է վերանորոգվեն,ու պահեստամասերի խնդիր է առաջանում։ Արդյունքում տարեցտարի ավտոպահեստամասերի գողությունների թիվն աճում է, իսկ բացահայտման դեպքերը շատ չեն»,– նշեց Քեյանը։
Նախարար Ղազարյանը պատասխանեց, որ տասնյակ ոչ մեծ ու միջին ծանրության հանցագործություններ ունենք հանրապետությունում, երբ հանցանք կատարած անձը հայտնի է։
«Օրինակ` ունենք հանցավոր խումբ, որին 10 անգամ բռնել ենք` ապակիներ, ավտոպահեստամասեր, հայելիներ գողանալու համար, սակայն որոշ ժամանակ անց ազատ ենք արձակել, ու նույն մարդիկ շարունակել են նույն գողությունը»,- նշեց նախարարը։
Ղազարյանի խոսքով` միակ լուծումը օրենսդրության խստացումն է։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգմավոր Արմեն Խաչատրյանը տեղեկացրեց, որ հիմա օրենսդրական նախագիծ է մշակված ու դրված շրջանառության մեջ` այս տիպի հանցակազմն ավելի ծանրացնելու համար` ընդհուպ մինչև ազատազրկում։