Ղարաբաղն Ադրբեջան ճանաչելը նշանակում է, որ ՀՀ-ն 30 տարի ապօրինաբար օկուպացրել է հարևան երկրի տարածքը․ Անանև

«ՀՀ Սահմանադրությունը կարող է հակասել ՀՀ-Ադրբեջան Խաղաղության համաձայնագրին»,- այս մասին 168.am«Թրիգեր» հաղորդաշարի ընթացքում ասել է ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնաթող ավագ խորհրդական Ալեքսանդր Անանևը՝ անդրադառնալով Փաշինյանի կողմից Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու հետևանքներին։

Անանևը նշեց, որ ՀՀ ԱԳՆ վերջին հայտարարություններից մեկը, թե՝ Ադրբեջանն իբրև թե չի ստորագրում Խաղաղության համաձայնագիրը՝ հորինելով հավելյալ պայմաններ, իր համար բացարձակ անհասկանալի է։ Ըստ Անանևի, առաջին հերթին դա այդպես չէ, որովհետև եթե ասում են «ա»-ն, պետք է ասեն նաև «բ»-ն։

«Երբ Փաշինյանը Ղարաբաղը ճանաչեց ադրբեջանական, չէ՞ որ դա պարզապես միայն մեկ հայտարարություն չէ, դա նշանակում է, որ 30 տարի Հայաստանն անօրինականորեն օկուպացրել է հարևան երկրի տարածքը»,- ասաց նախկին պաշտոնյան՝ շարունակելով, որ դա նշանակում է, որ եղել է ապօրինի օկուպացիա, ինչն էլ իր հերթին նշանակում է՝ ՀՀ Սահմանադրությունում Ղարաբաղի մասին հիշատակումն ապօրինի է։

«30 տարի չեն ճանաչել Ղարաբաղն Ադրբեջան, նույնիսկ ՀՀ-ում օրենք կա, որ յուրաքանչյուր օրենսդրական նախաձեռնություն, որում Ղարաբաղը համարվում է ադրբեջանական, անօրինական է։ Ուստի Խաղաղության համաձայնագիրը ևս ոչ լեգիտիմ կարող է լինել, ուստի, եթե Սահմանադրությունից դա չհանվի, հակասություն է առաջանում»,- նկատեց նա։

Կարդացեք նաև

Անաևն ասաց, որ բարձրագույն օրենքն ամենաբարձր նշանակությունն ունի և վեր է բոլոր այլ փաստաթղթերից, այդ թվում՝ միջազգային պայմանագրերից։ Ուստի, նրա հավաստիացմամբ, այն, ինչ գրված է Սահմանադրությունում, գլխավորն է և ավելի բարձր, քան միջազգային համաձայնագրերը։

«Ես չեմ ասում, որ Հայաստանը պետք է զիջի Ադրբեջանին, սակայն գործողությունների հաջորդականությունն այդպիսին է։ Չէ՞ որ Փաշինյանն ինքն ասում է, որ Սահմանադրությունը պետք է փոխել»,- ասաց Անանևը։

 

Տեսանյութեր

Լրահոս