ՀՖՖ ղեկավարությունը կասի՝ պարտվելու պատճառը ռևանշիստներն են, և այն, որ ֆուտբոլիստները բրնձի փոխարեն հաց են ուտում. Աբովյան
Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Երկրպագուները հավաքվել են ՀՖՖ-ի շենքի մոտ և պահանջում են այդ կազմակերպության ղեկավարությունից բացատրություն տալ, թե ինչու մենք պարտվեցինք մակեդոնացիներին այսօրվա խաղում:
Ենթադրաբար պատասխանը լինելու է հետևյաը։
Պարտվելու պատճառն այն է, որ Հայաստանում կան ռևանշիստներ։
Պարտվելու պատճառն այն է, որ Հայաստանի զինանշանի վրա Արարատի պատկեր կա։
Պարտվելու պատճառն այն է, որ հավաքականում չեն խաղում թուրքերն ու ազերները։
Պարտվելու պատճառն այն է, որ «նախկիններն այդ խաղը վաճառել են մակեդոնացիներին» դեռևս 1994 թվականին:
Պարտվելու պատճառն այն է, որ հայ ֆուտբոլիստները բրնձի փոխարեն հաց են ուտում։
Պարտվելու պատճառն այն է, որ մարզադաշտի լույսն ու ջեռուցումն ապահովում են Մեծամորի ատոմակայանը և Գազպրոմը:
Պարտվելու պատճառն այն է, որ ժողովրդի շրջանում տարածված է «հայկական ֆուտբոլի պատմության սխալ ընկալումը»։
Պարտվելու պատճառն այն է, որ ՀՖՖ նախագահը չի լուսանկարվել թուրք ֆուտբոլիստ Մեսութ Օզիլի գրքի հետ։
Պարտվելու պատճառն այն է, որ թուրք-հայկական սահմանին ծառայություն են իրականացնում Ռուսաստանի ԴԱԾ Սահմանապահ զորքերը։
Պարտվելու պատճառն այն է, որ մեզ երեսուն տարի խաբել են , թե ֆուտբոլ ունենք, իսկ իրականում միջազգային հանրությունը հայկական ֆուտբոլը ֆուտբոլ չի ճանաչել։
Մենք պարտվեցինք որովհետև Սփյուռքը միջամտում էր երկրորդ խաղակեսի վերջնամասում մեր հավաքականի կենտրոնական կիսապաշտպանի խաղին։
Եվ ընդհանրապես, ինչու ենք մենք կարծում, որ պարտվել ենք։
Միշտ հիշեք, որ մենք պայմանավորվել ենք, որ անկախ խաղի արդյունքներից, մենք մեզ պարտված չենք համարի»։