«ՌԴ-ն поддавки է խաղում ՀՀ-ի հետ. Փաշինյանի մոտ պատրանք է, թե քաղաքական հայր է գտել». Վիգեն Հակոբյան
Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանն անտրամաբանական է համարում այն պնդումները, թե Ռուսաստանը դուրս է գալիս տարածաշրջանից: Ըստ նրա՝ հակառակ տենդենցներն են նկատելի, եթե խոսքը վերաբերում է Հարավային Կովկասին, պարզապես Ռուսաստանը փորձում է վերաֆորմատավորել իր ներկայությունը տարածաշրջանում:
«Զգալի չափով կարգավորվել են հարաբերություններն Ադրբեջանի հետ, ֆորմալ առումով կա ռազմավարական դաշնակցային պայմանագիր: Վրաստանի հետ ՌԴ հարաբերությունները պրակտիկորեն կարգավորվում են, ՌԴ-ն ամեն ինչ անում է, որ Վրաստանի ներկայիս վարչախումբը հաջողության հասնի առաջիկա բավականին բարդ ընտրություններում: Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա Ռուսաստանը որոշակի խնդիրներ ունի այսօրվա վարչախմբի հետ, և ուղղակի փորձում են поддавки խաղալ, այսինքն՝ Փաշինյանն ինչ-որ մի հայտարարություն է անում, և Ռուսաստանը դրա հիման վրա ստեղծում է իր ալիբին, թե ինչու է ուզում վերաֆորմատավորել հենց իր այս կոնֆիգուրացիան Հարավային Կովկասում: ՌԴ-ն ուղղակի փորձում է օգտվել Փաշինյանի քայլերից»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա՝ ընդգծելով, որ եթե ՌԴ պլանավորած կոնֆիգուրացիան ստացվի, ապա Հայաստանը հայտնվելու է մեկուսացման մեջ՝ իր արևմտյան վեկտորով:
«Եթե Վրաստանի և Ադբեջանի հետ կապված կոնֆիգուրացիան ստացվի, դրանից հետո Ռուսաստանը որոշելու է կա՛մ Հայաստանի հետ поддавки կոչված խաղին վերջ տալ, վերջնականապես հարցերը լուծել Հայաստանում, կա՛մ ՌԴ-ն թողնում է այնպես, ինչպես կա, և Հայաստանն այս կոնֆիգուրացիայի պայմաններում… Դրան ավելացնենք նաև Իրանը, որը բավականին սերտ հարաբերություններ ունի ՌԴ-ի հետ, և իր արտաքին կողմնորոշումը բոլորին հայտնի է, Թուրքիան, որի հետ ռուսները կարողանում են պայմանավորվել: Պատրանք է Նիկոլ Փաշինյանի մոտ, որ ինքը քաղաքական հայր է գտել, նկատի ունեմ Էրդողանին: Կամ էլ երկրորդ ճանապարհը, որ ռուսները կարող են ունենալ, այն է, որ, ինչպես հայերի մասին ասում են՝ куда они денуться, որն իրենց ավանդական մտածելակերպն է: Այս մոտեցումը ռացիոնալ հիմքեր ունի՝ հաշվի առնելով ՀՀ աննախադեպ կախվածությունը ՌԴ-ից»,- նկատեց նա:
Ինչ վերաբերում է Արևմուտքին, ապա, ըստ քաղտեխնոլոգի՝ նրանց մոտեցմամբ Հայաստանն ընդամենը փոքր գործիք է, որը կարող է քայլեր անել ընդդեմ Ռուսաստանի. «Արևմուտքում Փաշինյանին որպես փոքր գործիք են ընկալում, որը միայն հայտարարություններ է անում, բայց դրանից ավելին չի անում, այդ իսկ պատճառով իր հետ որևէ լուրջ պայմանավորվածություն չունեն: Ոչ մի ռեգիոնալ կամ աշխարհաքաղաքական լուրջ խաղացող լուրջ չի վերաբերվում Փաշինյանին: Այդիսկ պատճառով Փաշինյանը պարզ հաշվարկ է արել, թե ում կարող է պետք լինել, որտեղ են իր անձնական շահերը համընկնում ինչ-որ կենտրոնի շահերի հետ, և եկել է այն եզրակացության, որ ինքը կարող է անհրաժեշտ լինել միայն Թուրքիային և Ադրբեջանին, և ինքը շարժվում է այդ ուղղությամբ, փորձում է քաղաքական հենարաններ գտնել հենց ռեգիոնում»:
Ըստ նրա՝ Արևմուտքը շատ լավ հասկանում է՝ ՌԴ-ն չի հեռանում Հայաստանից. «Ռուսներն առաջիկա զարգացումներից առաջ իրենց պատասխանատվության չափն են նվազեցնում՝ օգտվելով Փաշինյանի միտումնավոր կամ չմտածված պասերից: Ես նկատի ունեմ այն զարգացումները, որոնց մասին ՀՀ իշխանություններն են վերջին շրջանում խոսում, մասնավորապես՝ ԱԳՆ-ն ուղղակիորեն ասում է, որ չի բացառվում՝ COP-29-ից հետո լինեն ռազմական գործողություններ: Դրանք կարող են ծավալվել Սյունիքում՝ չարաբաստիկ միջանցքի հետ կապված: Այդ պարագայում, եթե ռուսներն այնտեղ են, դա մի խոսակցություն է, մեղավորների մի կոնգլոմերատ է, եթե ռուսները չկան, այն էլ՝ Հայաստանի պահանջով, պատասխանատուների մեկ այլ կոնգլոմերատ կարող է լինել»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում