Հայաստանը «Հյուսիս-Հարավ»-ի Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի կառուցման համար 236 մլն եվրոյի վարկ կներգրավի ՎԶԵԲ-ից
Հայաստանը «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի կառուցման համար Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկից կներգրավի 236 մլն եվրոյի վարկ:
Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի միջեւ «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք (Սիսիան-Քաջարան հարավային հատված)» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին նախագիծն ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովում ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը: Համաձայնագիրը ստորագրվել է 2024 թվականին մայիսի 15-ին:
««Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի, թերեւս, առանցքային հատվածներից մեկը Սիսիան-Քաջարան շուրջ 60 կմ նոր ճանապարհահատվածի կառուցումն է: Կկառուցվեն 4.7 կմ երկարությամբ 27 կամուրջներ, 12.5 կմ երկարությամբ 9 թունելներ»,-ասաց նա:Ճանապարհի կառուցումը թույլ կտա էականորեն կրճատել գոյություն ունեցող ճանապարհահատվածը, ինչի արդյունքում շուրջ 2 ժամով կկարճատվի երթևեկության տևողությունը:
Տրանսպորտային միջոցների առկա 50կմ/ժ միջին արագությունը կավելանա մինչև 100 կմ/ժ: Կբարձրանա երթեւեկության անվտանգությունն ու հարմարավետությունը:«Ճանապարհահատվածի կառուցումը կնպաստի ապրանքաշրջանառության մեծացմանը, տրանսպորտային ծախսերի կրճատմանը, տարանցիկ փոխադրումների աճին եւ տուրիզմի զարգացմանը»,-ասաց Ղալեչյանը:
Վարկային համաձայնագրով ֆինանսավորվելու եւ իրագործվելու է ծրագրի հարավային հատվածը՝ 24 կմ երկարությամբ: Այն անցնելու է Սյունիքի մարզի Քաջարան համայնքի Լեռնաձոր, Գեղի, Նոր Աստղաբերդ բնակավայրերի մոտով եւ կավարտվի նոր կառուցվող Բարգուշատի թունելի ելքամասի մոտ: Այդ հատվածի շինարարության իրականացման ժամկետը 5 տարի է, եւս 2 տարի սահմանվել է որպես որակի համար երաշխիքային ժամկետ:
«Վարկային համաձայնագիրը կնքվում է 236 մլն եվրո գումարով, սակայն հարավային հատվածի իրականացման համար վարկային միջոցներ կպահանջվեն 373 մլն եվրոյի չափով: Ծրագրի մնացած մասը՝ 137 մլն եվրոյի չափով, կֆինանսավորվի Եվրոպական ներդրումային բանկի կողմից՝ համաֆինանսավորման սկզբունքով»,-ասաց փոխնախարարը:
Վարկի տոկոսադրույքը լողացող է: Վարկի մարման ժամկետը 20 տարի է, որից արտոնյալ՝ 5 տարի:
Համաձայնագիրը հավանություն ստացավ հանձնաժողովի կողմից և կքննարկվի ԱԺ առաջիկա լիագումար նիստում: