Բաքվում պահվող անձինք բռնապետական Ադրբեջանի պատանդներն են. Արցախի ՄԻՊ
Բաքվում կայանալիք COP29 համաժողովին ընդառաջ նաև Հայաստանում համապատասխան կառույցներին Բաքվում պահվող հայ գերիների հարցը բարձրաձանելու համար այսօր ՄԱԿ-ի ու Հայաստանում տարբեր դեսպանատների դիմաց բողոքի ակցիաների շարք է կազմակերպվել։
Արցախի Հանրապետության ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը ՄԱԿ-ի մոտ ակցիայի ընթացքում լրագրողների հետ զրույցում ասաց, որ որքան մոտենում է համաժողովի օրը, այնքան միջազգային դաշտում հարցի նկատմամբ հետաքրքրություն է նկատվում։ «Երեկ օրինակ տեղեկացանք, որ Եվրախորհրդանում է պլանավորվում այս թեմաներով քննարկում իրականացնել։ Այսինքն, սա ժամանակահատված է, որը աշխարհի ուշադրությունը դեպի Ադրբեջան է ուղղելու և մենք պետք է օգտագործենք այս հնարավորությունը՝ Ադրբեջանին պարտադրելու, որ կատարի մարդու իրավունքի, մարդասիրական իրավունքի դրույթները։
Հակառակ պարագայում՝ չխոսելով, այս հարցերը առաջ չմղելով Ադրբեջանն էլի ավելի կոգևորվի հետագա անպատժելիությունից»։
Նա ընդգծեց, որ դԵռ 44-օրյա պատերազմից հետո սա այն թեման է, որը որքան էլ հիասթափությունները շատ են, իսկ իրատեսականությունը՝ հակառակը, բայց դրա մասին չխոսել, լռելն ու անտեսելու իրավունք չունենք։ «Խոսքը առաջին հերթին մարդկանց ճակատագրերի մասին է, անհետ կորածների դեպքում այդ ճակատագրերը պարզելու, գերեվարված մարդկանց դեպքում՝ ազատ արձակելու։ Այսինքն, այս պահանջը պետք է մշտապես ներկայացվի՝ հնարավորինս ավելի մեծ ճնշում գեներացնելու համար»,-ընդգծեց նա։
Նա ընդգծեց, որ միանշանակ է, որ ունենալով գերիներ ու չճշտված ճակատագրերով մարդիկ Ադրբեջանում՝ Հայաստանի կողմից COP29-ին մասնակցությունը անընդունելի կլինի։
Անդրադառնալով հարցին, թե ինչ պայմաններում են Բաքվում պահվում հայ գերիները՝ նա խատասխանեց, որ նախորդիվ գերեվարված և հետագայում ազատ արձակված անձանցից ստացված տվյալների, իրականացված փաստահավաք աշխատանքների արդյունքում բազմիցս արձանագրվել է ու Արդեջանում պահվող հայ ռազմագերիների նկատմամբ իրականացվել են խոշտանգումներ, անմարդկային վերաբերմունք և կտտանքներ։ «Սրանք այլևս արձանագրված փաստեր են ու սրանից բխեցվում է այն ողջամիտ ենթադրությունը, որ ցանկացած անձ ադրբեջանական բանտերում գտնվելու պարագայում արժանանալու է նույն վերաբերմունքի»։