«Հայ-ռուսական հարաբերությունները հոգեվարքի մեջ են». Հայկ Խալաթյան
Մոսկվայում կայացած Փաշինյան-Պուտին հանդիպման ժամանակ համաձայնություն է ձեռք բերվել, որ հունվարի 1-ից ռուս սահմանապահները կհեռանան հայ-իրանական սահմանի հսկիչ-սահմանային կետից: Կողմերը համաձայնել են նաև, որ 2025 թվականի հունվարի 1-ից Հայաստան-Իրան և Հայաստան-Թուրքիա պետական սահմանի պահպանությանը կմասնակցեն նաև ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերը:
168TV–ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում «Վերելք» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի քաղաքական մեկնաբան Հայկ Խալաթյանը նախ հիշեցրեց, որ այս տարվա մայիսին, երբ տեղեկություն հայտնվեց, որ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի բանակցությունների արդյունքում ռուսական կողմը համաձայնել է սահմանապահներին դուրս բերել «Զվարթնոց» օդանավակայանից, այդ ժամանակ ռուսական կողմն առաջարկել էր հայկական կողմին՝ եթե Հայաստանը ցանկանում է, ապա իրենք կարող են նաև դուրս գալ հայ-իրանական և հայ-թուրքական սահմաններից. այն ժամանակ հայկական կողմը դրան դեմ էր:
«Հիմա այդ նույն գործընթացի շարունակությունն է, որ հայկական կողմը տանում է: Այստեղ հարցն այն է, որ Մոսկվայում հասկանում են՝ գործը գնում է դաշնակցային հարաբերությունների խզմանը, շատ լավ հասկանում են, որ այս կետը դեռ վերջինը չէ, որովհետև եթե Փաշինյան-Ալիև հարաբերություններում ձևական թուղթ ստորագրվի, սկսվելու է ընդհանրապես ռուս սահմանապահների դուրսբերման հարցը, չի բացառվում, որ բազայի դուրսբերման հարցը դրվի, և Մոսկվայում սպասում են՝ էլ ինչ կառաջարկեն ՀՀ իշխանությունները: Հայ-ռուսական հարաբերությունները հոգեվարքի մեջ են, պետք է սպասել՝ ինչով է այս ամենն ավարտվելու, և այդ նոր կետից հասկանալ՝ ոնց և ում հետ շարունակել կառուցել նոր հարաբերություններ և ինչ կարգավիճակով. Հայաստանը կմնա դաշնակից, դառնա շարքային գործընկեր կամ, չի բացառվում՝ նաև ոչ բարեկամ երկիր՝ իր բոլոր հետևանքներով»,-ընդգծեց նա:
Հայկ Խալաթյանն անդրադարձավ նաև որոշ շրջանակների այն մեկնաբանություններին, թե սահմանապահների դուրսբերման հարցնիրականում Փաշինյանի նվերն է Վլադիմիր Պուտինին, քանի որ, ըստ նման կարծիք արտահայտողների, ուկրաինական ճակատում մարդուժի խնդիր կա:
«Ոչ թե նվեր է, այլ ռուսական կողմի հանգստությունը հենց դրանով է բացատրվում. ասում են՝ խնդիր չկա, մենք ձեր տեղը պետք է ծախսեր անեինք, պաշտպանեինք, մեզ մոտ առանց այդ էլ կան կետեր, որտեղ անհրաժեշտ են զինծառայողներ, սահմանապահներ, կօգտագործենք այնտեղ: Դա ավելի շատ միտված է ոչ թե Հայաստանի սուվերենությունը բարձրացնելուն, ինչպես դա ներկայացնում են ՀՀ իշխանութունները, այլ՝ կատարել այլ երկրներից եկող պատվերներ, ցույց տալ, որ Հայաստանն ընդհանրապես ցանկություն չունի ՌԴ հետ համագործակցել անվտանգային ոլորտում»,-ըպարզաբանեց քաղաքական մեկնաբանը:
Հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք չի ստացվում, որ Փաշինյանը ճիշտ էր, երբ ասում էր, որ Ռուսաստանն ինքն է դուրս գալիս տարածաշրջանից:
«Եթե ՀՀ իշխանությունն ասում է՝ ռուսական սահմանապահներին դուրս բերեք, Ռուսաստանը պետք է ասի՝ ո՞չ: Այդպես չի լինում: Մոսկվայում երևի դիտարկում են, որ Հայաստանը սուվերեն պետություն է, բոլոր հետևանքները դիտարկել է և ինքն է պատասխանատվություն կրելու այդ որոշումների համար: Մոսկվայում ոչ ոք չի կանգնելու ՀՀ ղեկավարին ասի՝ գիտե՞ս ինչ, չնայած՝ դու ասում ես՝ դուրս բեր, բայց մենք դուրս չենք բերելու: Ռուսաստանում երբեք Հայաստանին այդպես չեն վերաբերվել»,-ի պատասխան՝ ասաց նա:
Ռուսական պետական «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը Մոսկվայում կայացած ԱՊՀ ղեկավարների խորհրդի նիստից Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ խիստ անհաջող և նույնիսկ անպարկեշտ, պաշտոնական էթիկետին չհամապատասխանող կադրեր է տարածել։ Նիկոլ Փաշինյանը լուսանկարվել է այնպիսի տեսանկյունից ասես խոնարհված է Ադրբեջանի դրոշի առջև, իսկ մյուս լուսանկարում Ալիևի հայացքի ներքո Փաշինյանը կրկին ադրբեջանական դրոշի առջև ուղղում է տաբատը: Իշխանական «Բաղրամյան 26» թելեգրամյան ալիքը տարածել էր այդ լուսանկարները՝ գրառմամբ հաշիվ պահանջելով ռուսական պետական լրատվամիջոցի խմբագրից` միտումնավոր նման անհարմար ռակուրսից արված լուսանկարներ տարածելու համար։
Հայկ Խալաթյանը նկատեց, որ նախ՝ ՀՀ վարչապետն ինքը պետք է շատ զգույշ լինի, հասկանա՝ որտեղ է գտնվում, կամ իր օգականները պետք է հուշեն, որ չարժե Ադրբեջանի դրոշի մոտ նման դիրք զբաղեցնել, եթե նույնիսկ դա հանկարծակի է եղել.
«Երկրորդ՝ դա խոսում է այն մասին, որ որևէ հարգանք չկա ՀՀ ղեկավարի հանդեպ ՌԴ իշխանությունների կողմից, որովհետև չգիտես՝ ինչու, այլ երկրների ղեկավարների հետ այդպիսի կիքսեր չեն լինում: Այսօր նույնիսկ այլ տեսանյութեր տեսա՝ սուրճ խմելիս և այլն, և հասկանալի է, որ հաստատ դա լրագրողները չեն նկարել և հրապարակել: Հենց դա է, որ եթե նորմալ հարաբերություններ լինեին, «ՌԻԱ Նովոստին» չէր համարձակվի այդպիսի նկարներ հրապարակել, կամ եթե նույնիսկ սխալմամբ հրապարակեր, շատ արագ կհեռացներ: Մոսկվայի համար մեկ է՝ ՀՀ վարչապետը կամ նրա հետ կապված լրատվամիջոցները ոնց կարձագանքեն: Ես չեմ բացառում, որ պատահմամբ է եղել, բայց փաստացի վիրավորական է ՀՀ իշխանությունների նկատմամբ»:
Ամփոփելով Փաշինյանի մոսկովյան այցը, նա ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ դատելով ՌԴ ԱԳՆ վերջին երկու բրիֆինգներից, թե տոնայնությունը ինչպես էր փոխվել, երբ խոսում էին Հայաստանի մասին, դա նշանակում էր, որ ռուսական կողմը որոշակի սպասելիքներ ուներ, որ կարող են որոշ հարցեր լուծվել.
«Վերջակետը լինելու է ԲՐԻԿՍ-ի շրջանակներում այցը Կազան: Չեմ կարծում, որ նույնիսկ այնտեղ եռակողմ հանդիպում լինի, դա վերջնականապես ցույց կտա Մոսկվային, որ ոչ, այս իշխանությունների հետ արդեն անհնար է որևէ բանի շուրջ պայմանավորվել: Եվ գալիս ենք էլի նրան, որ հայ-ռուսական հարաբերությունները հոգեվարքի մեջ են: Ինչքան ռուսական կողմը փորձում է վերակենդանացնել այդ հարաբերությունները՝ հույս ունենալով, որ հայկական կողմը հասկանում է, սթափ գնահատում է հարաբերությունների խզման բոլոր պլյուսներն ու մինուսները, բայց մենք տեսնում ենք, որ հայկական կողմն իր ծրագիրն է շարունակում: Նիկոլ Փաշինյանի տեսանկյունից երևի արդյունավետ էր մոսկովյան այցը, նա կարողացավ սահմանապահների դուրսբերման հարցը լուծել, բայց գալիս ենք նրան, թե ինչքանով է դա բխում Հայաստանի շահերից, թե՞ դա ավելի շատ համապատասխանում է այլ երկրների շահերին, որոնք օգտագործում են Հայաստանը որպես միջոց ՌԴ դեմ պայքարում»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում