Կատարյալ առաքինության մասին
Ծերն ասաց. «Ով չարհամարհի նյութական բարիքները, մարմնական փառքը և հանգիստը, ով չկարողանա հատել իր կամքը և չզսպի բարկությունն ու զայրույթը և չհանդարտեցնի մերձավորին՝ չի կարող ապրել»:
Դարձյալ ասաց. «Եթե մարդը սկսում է փախչել իր կամքից, թողնում է իր մեղքերը և գնում է առ Աստված, նախ նրա կամքը սկսում է մարտնչել իր հետ և հորդորում է նրան դառնալ դեպի իր մեղքերը: Իսկ եթե մերժի իր կամքը` անարատությամբ կընթանա առ Աստված. և եթե անարատությամբ ընթանա, ժուժկալություն կդրսևորի, իսկ ժուժկալությունը պահելը՝ մարմնական տառապանք է: Այնժամ մարդը գոհություն է առաքում առ Աստված և ասում` ոչ թե ես, այլ Դո՛ւ` օգնական իմ: Պետք է գիտենալ, որ միայնակյացն անկարող է պահպանել իր ջանքերը` առանց լռության և իրեն ոչինչ համարելու»:
Դարձյալ ասաց. «Նեղությունը շարժում է Աստծու ողորմածությունը դեպի մարդը, ինչպես որ հողմն` անձրևը»:
Դարձյալ ասաց. «Եթե մի եղբայր տկարություն ունենա և թուլանա, պետք է հանդուրժել նրան, իսկ եթե գող լինի` արտաքսել նրան, քանզի նրա անձը գայթակղեցնում է, և բոլոր նրանց, որ այդ տեղում են գտնվում, խռովեցնում է»:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016