
Ինչպես կարելի է սննդի միջոցով բուժել միգրենը

Ամերիկացի գիտնականները պարզել են, որ մեծ քանակության ճարպոտ ձկներով հարուստ և սահմանափակ քանակության բուսական յուղերով սննդակարգն օգնում է թեթևացնել գլխացավերը կանոնավոր միգրենով տառապող մարդկանց մոտ: Հետազոտության արդյունքները հրապարակված են The BMJ ամսագրում:
ԱՄՆ Ծերացման ազգային ինստիտուտի (NIA) հետազոտողները Առողջապահության ազգային ինստիտուտի և Հյուսիսային Կարոլինայի համալսարանի գործընկերների հետ համատեղ, հետազոտություն են անցկացրել ամսական 5-20 օր միգրենային ցավերից տառապող 182 մեծահասակների մոտ, որոնց 88 տոկոսը կանայք են եղել:
Մասնակիցները բաժանվել են երեք խմբի, որոնք 16 շաբաթվա ընթացքում սնվել են տարբեր սննդակարգերով. առաջին խումբը՝ ճարպային ձկների մեծ քանակությամբ և քիչ բուսական ճարպերով. առաջին հերթին՝ լինոլիկ թթվով,երկրորդը՝ հարուստ ճարպային ձկներով և լինոլիկ թթվով, երրորդը՝ մեծ քանակությամբ լինոլիկ թթվով և քիչ քանակությամբ յուղոտ ձկով, մոտավորապես նույնը, ինչ ուտում է միջին ամերիկացին:
Ավելի վաղ ապացուցվել է, որ լինոլիկ թթունն առաջացնում է միգրենի հետ կապված ցավ հյուսվածքներում և եռվորյակ նյարդի ուղիների բորբոքում: Այժմ հետազոտողները հաստատել են, որ լինոլիկ թթվով ցածր և մեծ քանակությամբ Օմեգա-3 ճարպաթթուներով սննդակարգը կարող է նվազեցնել ցավային այս ուղու բորբոքումը:
Արդյունքները վկայում են, որ պակաս բուսական յուղով և ավելի յուղոտ ձկներով սննդակարգի շնորհիվ օրական գլխացավի ընդհանուր ժամերը 30-40 տոկոսով կրճատվել են։
«Այս ուսումնասիրությունը ապացուցել է, որ սննդակարգի փոփոխությունները կարող են որոշակիորեն թեթևացնել միգրենով տառապող միլիոնավոր մարդկանց վիճակը»,- NIA-ի մամլո հաղորդագրության մեջ նշել է հետազոտության տնօրեն և հոդվածի առաջին հեղինակ Քրիս Ռամսդենը:
Հեղինակները նախատեսում են շարունակել իրենց աշխատանքը և ուսումնասիրել սննդի ազդեցությունը այլ քրոնիկ ցավային վիճակների վրա: