
Հուսով ենք, ընտրողները լավ կմտածեն, թե ում օգտին քվեարկեն. Դաննիգան

Վրաստանում ԱՄՆ դեսպան Ռոբին Դաննիգանը հույս է հայտնել, որ Վրաստանի քաղաքացիները լավ կմտածեն, թե ում օգտին քվեարկեն 2024 թվականի հոկտեմբերի 26-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում։
«Հուսով եմ, նրանք կկողմնորոշվեն իրենց ձայնը տալ այնպիսի մարդկանց, որոնք կարտահայտեն վրաց ժողովրդի ցանկություններն ու ձգտումները»,- ասել է նա։
ԱՄՆ դեսպանը մեկնաբանել է «Election Compass Georgia»-ի շնորհանդեսը:
«Electoral Compass Georgia»-ն էլեկտրոնային հարթակ է, որն օգտատերերին տրամադրում է տեղեկատվություն քաղաքական կուսակցությունների դիրքորոշումների մասին և օգնում նրանց բացահայտել, թե որ կուսակցության գաղափարներն ու առաջնահերթություններն են առավել ընդունելի իրենց համար:
«Նախընտրական քարոզարշավի ընթացքում շատ է խոսվում քաղաքական կուսակցությունների և թեկնածուների մասին, բայց ընտրությունների ժամանակ ամենակարևորն ընտրողն է։ Վրացի ընտրողն իրավունք ունի իմանալու, թե ինչ կուսակցությունների օգտին է ձայն տալիս, ինչ քաղաքականություն են վարում նրանք և այլն»,- ասել է Ռոբին Դաննիգանը։